Մատչելի հղումներ

«Ֆեյսբուք»-ի հիմնադիրը քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին


Զաքերբերգ. «Կարծում եմ՝ որքան առավել թափանցիկ լինի կառավարությունը, այնքան լավ իրենց կզգան մարդիկ»

«Ֆեյսբուք» սոցիալական կայքի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Զաքերբերգի համաձայն, ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող լրտեսական ծրագրերի մասին բացահայտումները վնաս են հասցնում համացանցային ընկերությունների նկատմամբ օգտատերերի վստահությանը:

Նա ասել է նաև, որ նման ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկությունների ներկայացումը կնպաստի հասարակության մտահոգությունը որոշ չափով նվազեցնելուն:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում «Ատլանտիկ» ամսագրի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում սոցիալական մեդիայի ոլորտում իր կարողությունը ստեղծած 29-ամյա միլիարդատերը հորդորել է ԱՄՆ-ի իշխանություններին ավելի շատ տեղեկություններ տրամադրել հասարակությանն այն մասին, թե ինչպիսի պահանջներ է ներկայացնում դաշնային կառավարությունը համացանցային ընկերություններին՝ տվյալների տրամադրման առումով:

«Ֆեյսբուքում» հրապարակված տեղեկություններից հասկանում եմ, որ որքանով առավել թափանցիկ և ավելի շատ տեղեկություններ ներկայացնի կառավարությունն այն մասին, թե ինչպես է մեզանից պահանջվում իրականացնել տեղեկությունների փոխանցումը, այնքան ավելի բարենպաստ կլինի դա բոլորի զգացումների համար», - ասել է Զաքերբերգը՝ հավելելով. «Լրատվամիջոցների կողմից տրամադրվող տեղեկություններից հնարավոր չէ հասկանալ, թե արդյոք կառավարությունը ներկայացրել է նման տեղեկություններ տրամադրելու մոտ հազար թե մոտ 100 միլիոն հարցում: Կարծում եմ՝ որքան առավել թափանցիկ լինի կառավարությունը, այնքան լավ իրենց կզգան մարդիկ»:

Զաքերբերգը, բացի այդ, մտահոգություն է արտահայտել այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալության կողմից իրականացվող հետախուզական լայնածավալ ծրագրերի մասին հրապարակված տեղեկությունները կարող են օտարել այլ պետություններին և վնաս հասցնել նորարարությանն ամբողջ աշխարհում:

«ԱՄՆ-ի ԱԱԳ-ի ծրագրերի շուրջ տարածված տեղեկությունները պայթյունի նման հետևանքներ են ունեցել և շատ կարևոր են համացանցի՝ որպես գլոբալ հարթակի համար: Եվ, իմ կարծիքով, կառավարության կողմից ներկայացված որոշ հայտարարությունները որևէ կերպ օգտակար չեն եղել», - ասել է Զաքերբերքն անցյալ շաբաթ՝ հանդես գալով Սան Ֆրանցիսկոյում:

«Ասում եք՝ «մենք լրտեսական գործողություններ ենք իրականցնում միայն Ամերիկայի քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ»: Շա՛տ շնորհակալ ենք: Մենք փորձում ենք ծառայություններ մատուցել միջազգային շուկայում, ոչ թե պարտություն կրել այնտեղ», - ասել է Զաքերբերգը:

«Ֆեյսբուք»-ն այս տարի ավելի վաղ հայտնել է, որ ամեն ամիս կայքի ծառայություններից ամբողջ աշխարհում օգտվում է մոտ 1,1 միլիարդ մարդ:
XS
SM
MD
LG