Մատչելի հղումներ

«Ֆեյսբուք»-ը տասը տարեկան է


«Ֆեյսբուք»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարք Զուքերբերգն ընկերության էջում երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ հույս է հայտնել, որ գալիք տասը տարիների ընթացքում ընկերությունը կկարողանա ընդլայնել իր հնարավորությունները

Սոցիալական ցանցերի շրջանում ամենահայտնի «Ֆեյսբուք» կայքն այսօր բոլորել է իր գործունեության 10-ամյակը՝ այս ընթացքում աճ գրանցելով և քոլեջի սահմաններում գործող մասնավոր կայքից վերածվելով ամբողջ աշխարհում լայն տարածում գտած հարթակի, որն այժմ ունի շուրջ 1,23 միլիարդ օգտատեր:

«Ֆեյսբուք»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարք Զուքերբերգն ընկերության էջում երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ հույս է հայտնել, որ գալիք տասը տարիների ընթացքում ընկերությունը կկարողանա ընդլայնել իր հնարավորությունները:

Զուքերբերգը ցանկություն է հայտնել, որ «Ֆեյսբուք»-ը կարողանա օգնել մարդկանց առջև կանգնած է՛լ ավելի մեծ և կարևոր խնդիրները լուծելու գործում:

«Ֆեյսբուք» ընկերությունը չի հրապարակել իր տասնամյակը նշելու որևէ ծրագրեր:

Սոցիալական կայքի 2012 թվականին անցկացված նախնական հրապարակային առաջարկը բավականին թույլ արդյունքներ էր գրանցել, սակայն ընկերության բաժնետոմսերի արժեքը հետագայում բարձրացել էր՝ հասնելով ռեկորդային մակարդակների: Ընկերության արժեքն այժմ կազմում է 157 միլիարդ դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է երկար պատմություն ունեցող ամերիկյան բազմաթիվ ընկերությունների նույն ցուցանիշը:

Փորձագետների համաձայն, «Ֆեյսբուք» սոցիալական կայքի առջև այժմ կանգնած է «արժանավայել հասունանալու» խնդիրը. կայքին անհրաժեշտ է խթանել երիտասարդ օգտատերերի հետաքրքրությունը՝ միաժամանակ որպես հիմնական օգտատերերի «միջուկ» պահպանելով ավելի հասուն տարիքի մարդկանց:

Անկախ նրանից, թե ինչպիսի ապագա է սպասում «Ֆեյսբուք»-ին, այն արդեն իսկ անջնջելի ազդեցություն է գործել ժամանակակից լեզվի վրա՝ ներմուծելով կայքում իրականացվող գործունեության հետ կապված բազմաթիվ եզրեր:
XS
SM
MD
LG