Բաժնետոմսերի շուկա վերջերս դուրս եկած «Facebook» սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը երեքշաբթի օրը նվազել է՝ հատելով մեկ բանժենտոմսի դիմաց 30 դոլար մակարդակը:
Սոցիալական ցանցի մեկ բաժնետոմսի արժեքն օրվա ընթացքում նվազել է 3.07 դոլարով կամ 10 տոկոսով՝ վաճառքների փակման ժամանակին հասնելով 28.84 դոլար ցուցանիշին:
Այս տարվա մայիսի 18-ին ընկերության բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի օրվա մեկ բաժնետոմսի դիմաց 38 դոլար գնի համեմատությամբ, սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը նվազել է 24 տոկոսով:
Ֆինանսական փորձագետների համաձայն, «Facebook»-ի բաժնետոմսերի արժեքին վնաս է հասցրել բաժնետոմսերի չափազանց մեծ ծավալը, «NASDAQ» բորսայում բաժնետոմսերի վաճառքի առաջին օրը գրանցված խնդիրները, ինչպես նաև ներդրողների կողմից հարուցված դատական գործը:
«Facebook»-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրած «Morgan Stanley» բանկը մեղադրվել է ընկերության բաժնետոմսերի ապագա արժեքի կանխատեսումները նվազեցնելու մեջ բաժնետոմսերը վաճառքի հանելուց ընդամենը մի քանի ժամ առաջ: Բանկը մեղադրվում է այս տեղեկությունները միայն խոշոր ներդրողներին հայտնելու և սովորական ներդրողներից թաքցնելու մեջ:
«Morgan Stanley»-ին սակայն հերքում է այս մեղադրանքները:
Որոշ վերլուծաբաններ այնուամենայնիվ վստահություն են հայտնել «Facebook»-ի նկատմամբ՝ ասելով, որ ընկերության բաժնետոմսերի արժեքը կարող է կրկին բարձրանալ մինչև այս տարված վերջը: