Մատչելի հղումներ

Ֆաբիուս. «Քիմիական զենքի կիրառումը «զանգվածային» պատասխանի կարժանանա»


Ֆրանսիայի արտգործնախարարի համաձայն, նման արձագանքի շուրջ առկա է «ընդհանուր համաձայնություն»

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ասել է, թե Արևմուտքի պետությունները «զանգվածային» արձագանքի կարժանացնեն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի որևէ օգտագործում:

Ֆաբիուսը երկուշաբթի օրը տված հարցազրույցում նշել է, որ նման արձագանքի շուրջ առկա է «ընդհանուր համաձայնություն», և «շատ մեծ վտանգ» է անվանել քիմիական զենքը:

Այս ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի խաղաղության նոր հանձնակատարն ասել է, թե «պատրանք չունի, թե իր հանձնարարությունը հեշտ կլինի»:

Ալժիրի դիվանագետ Լախդար Բրահիմին երկուշաբթի օրն ասել է, թե դեռևս չի տեսնում որևէ լուծում այն խոչընդոտների, որոնք արգելափակել են խաղաղության նախորդ հանձնակատարի՝ Քոֆի Անանի աշխատանքը, սակայն ասել է, որ շարունակելու է իր ջանքերը:

Բրահիմիի համաձայն, ինքը «գիտակցում է հանձնարարության դժվարությունը, որը, սակայն, պետք է հաջողությամբ ավարտվի»: Նա ասել է նաև, թե Սիրիայում մարդկանց շարունակվող սպանությունները ծանր բեռ են համաշխարհային հանրության համար:

Հիշեցնենք, որ անցյալ ամսվա սկզբին խաղաղության նախկին հանձնակատար Քոֆի Անանը, որը եղել է Սիրիայում խաղաղություն հաստատելու վեց կետից բաղկացած ծրագրի հեղինակը, հրաժարվել է իր պաշտոնից՝ ասելով, որ ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ էլ ընդդիմության ուժերը երբեք լիովին չեն հետևել ծրագրին և շարունակել են բռնությունների իրականացումը:
XS
SM
MD
LG