Մատչելի հղումներ

Ոստիկանության ծառայողների դեմ ահաբեկչական հարձակումներ Աֆղանստանում, կան զոհեր


Աֆղանստանի իշխանությունները հայտնել են երկրի հարավային և արևելյան շրջաններում ոստիկանության ծառայողների դեմ ուղղված հարձակումների մասին, որոնց զոհ է գնացել ոստիկանության առնվազն յոթ ծառայող:

Ղանդահար նահանգի կառավարության խոսնակը հայտնել է, որ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայով ինքնասպան ահաբեկչի կողմից ոստիկանության հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է հինգ, վնասվածքներ է ստացել ոստիկանության վեց ծառայող:

Երկրորդ պայթյունն իրականացվել է Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքում: Ահաբեկչական այս հարձակման զոհ է գնացել իրավապահ մարմինների երկու ծառայող:

Ղանդահար նահանգը համարվում է գարնանային ամենամյա գրոհի մասին վերջերս հայտարարած թալիբների «ծննդավայրը»:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Քաբուլում անցյալ ամիս հանդես գալով ուսանողների առջև, հորդորել էր թալիբներին դադարեցնել հարձակումները՝ ասելով, որ նոր բռնությունները կարող են երկարացնել օտարերկրյա ռազմական ներկայությունն Աֆղանստանում:

Նախագահ Քարզայն շեշտել էր, որ թալիբների կողմից իրականացվող բռնությունները որևէ դրական ազդեցություն չեն գործում ո՛չ իսլամի, ո՛չ մահմեդականների, ո՛չ էլ Աֆղանստանի ժողովրդի վրա:

«Դուք ոչինչ չեք արել իսլամի համար, չեք աշխատել Աֆղանստանի անկախության և ժողովրդի, երկրի ազատության և զարգացման համար: Դուք նպաստել եք օտարերկրյա զինված ուժերի ներկայության երկարաձգման», - խոսելով թալիբների մասին՝ ասել էր Աֆղանստանի նախագահը:

XS
SM
MD
LG