Մատչելի հղումներ

Հակամալարիային ցածրորակ դեղամիջոցները դժվարացնում են այս հիվանդության դեմ վարվող պայքարը


Նոր զեկույցի համաձայն՝ Հարավային Ասիայում և Սահարայից դեպի հարավ գտնվող երկրներում վաճառվող հակամալարիային դեղամիջոցների մոտ մեկ երրորդը կեղծված են կամ այնքան ցածրորակ, որ որևէ ներգործություն չեն ունենում: Փորձագետների համաձայն, սա ոչ միայն խաթարում է վերջին տասնամյակներին մալարիայի դեմ պայքարում գրանցված առաջընթացը, այլև նպաստում մալարիայի վարակի դեղամիջոցների նկատմամբ ավելի դիմացկուն դառնալուն:

Փորձագետներին արդեն երկար ժամանակ հայտնի է, որ կեղծված, վատորակ և ոչ պատշաճ փաթեթավորված դեղամիջոցները լուրջ վտանգ են ներկայացնում զարգացող բազմաթիվ երկրներում:

Նոր ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ Սահարայից դեպի հարավ գտնվող և Հարավարևելյան Ասիայի երկրներում մալարիայով վարակված մարդիկ հաճախ չեն ապաքինվում՝ մալարիայի դեմ վատորակ դեղամիջոցներ ընդունելու պատճառով:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտող Գորվիկա Նայարը հայտնել է, որ խնդիրը համատարած է:

Նրա համաձայն, չնայած այս դեղամիջոցների արտադրության վայրի և եղանակի մասին մեր ունեցած տեղեկությունները սահմանափակ են՝ գիտենք, որ դրանք վաճառվում են համատարած՝ տնտեսական և սննդամթերքի տեղական խանութներում և նույնիսկ հիվանդանոցներում:

Գորվիկա Նայարն ասում է, որ որպես նմուշ վերցված դեղամիջոցների հիմնական մասը գրանցել է քիմիական վերլուծության վատ արդյունքներ, ուներ կեղծ կամ ոչ պատշաճ փաթեթավորում կամ վաճառվում պիտանելիության ժամկետից տարիներ անց:

«Չնայած Հարավարևելյան Ասիայի յոթ և Սահարայից դեպի հարավ գտնվող 21 պետություններում հայտնաբերվել է հակամալարիային վատորակ դեղամիջոցների վաճառք՝ այն, այնուամենայնիվ, ընդամենը սառցալեռան գագաթն է», - ասում է հետազոտողը:

Մալարիան տարեկան դառնում է մոտ 1 միլիոն մարդու մահվան պատճառը: Գիտնականներն ու առողջապահության մասնագետների համաձայն, դեղմիջոցներով բուժվող այս և այլ հիվանդությունների զոհերի թիվը նվազեցնելու հիմնական միջոցը կարող է դառնալ աշխարհում դեղամատակարարման ամբողջականության պահպանումը:

«Միացյալ Նահանգների ֆարմակոպեայի համաձայնագիր», կրճատ՝ «Յու-Էս-Փի» հասարակական կազմակերպությունն իրականացնում է դեղորայքի և սննդամթերքի բաղադրամասերի որակի ստանդարտների մշակման աշխատանք: Կազմակերպության դեղորայքի որակի ծրագրի ղեկավար Փեթրիկ Լուկուլայի համաձայն, ամեն երկրում պետք է լինի կանոնակարգող համակարգ, քանի որ նման համակարգի բացակայության դեպքում կարող է պատահել ամեն մինչ: Հետևաբար, կանոնակարգող մարմիններն անհրաժեշտ է ամրապնդել և նրանց տրամադրել անօրինական առևտրի նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու հնարավորություն:

Լուքուլայի համաձայն, վատորակ դեղամիջոցների գոյությունը հնարավոր է ոչ միայն տեղական արտադրողների կողմից բարձր չափանիշների պահպանման չհետևելու, այլև դեղամիջոցների որոշ արտադրողների կողմից արագ եկամուտ ստանալու ցանկության պատճառով: Նա ասում է, որ անհուսալի դեղամիջոցներն ամեն դեպքում սպառնալիք են աշխարհում հանրային առողջապահության համար:

«Կարծում եմ՝ դրա արդյունքում զարգացող երկրներում երկարաձգվել է մոռացված հիվանդությունների, այդ թվում՝ մալարիայի, տուբերկուլյոզի կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը, որը, ըստ երևույթի, օրեցօր բարդանում է», - ասում է Լուքուլան:

Փորձագետները պնդում են, որ ցածրորակ դեղամիջոցներ արտադրող դեղագործական կազմակերպությունները պետք է հետապնդվեն դատական կարգով: «Յու-Էս-Փի»-ն և ստանդարտներ մշակող այլ կազմակերպությունները խորհուրդ են տալիս կարգավորող մարմիններին մշակել ավելի հստակ ուղենիշներ, ինչպես նաև վատորակ դեղորայքի արագ հայտնաբերման և այն շուկայից հանելու առավել կատարյալ տեխնոլոգիաներ:

XS
SM
MD
LG