Մատչելի հղումներ

«Գաղտնալսումների մասին տեղեկությունները բացահայտվել են՝ հիմնարար ազատությունները պաշտպանելու նպատակով»


«Չեմ ցանկանում ապրել աշխարհում, որտեղ իմ բոլոր ասածներն ու արարքները ձայնագրվում են». Սնոուդեն

ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատողը, որը պայմանագրային հիմունքներով համագործակցում էր ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության հետ, խոստովանել է, թե ինքն է այն աղբյուրը, որը բացահայտել է Միացյալ Նահանգներում իրականացվող հետախուզական հույժ գաղտնի ծրագրերի մասին տեղեկությունները՝ «աշխարհում բոլոր մարդկանց հիմնարար ազատությունները պաշտպանելու նպատակով»:

29-ամյա Էդվարդ Սնոուդենն ասել է, որ երկար և շատ լուրջ է մտածել այն մասին, թե արդյոք արժե հրապարակել տեղեկություններն ԱՄՆ-ի ԱԱԾ-ի «Հատվածակողմ» (PRISM) հույժ գաղտնի հակաահաբեկչական ծրագրի մասին, սակայն վերջիվերջո որոշել է դիմել նման քայլի, քանի որ, իր կարծիքով, Միացյալ Նահանգները ստեղծել է յուրաքանչյուր ամերիկացու նկատմամբ լրտեսական գործունեություն ծավալող հսկա մի համակարգ, որը հաշվետու չէ ոչ մեկին:

Սնոուդենը, որի երկուշաբթի օրը դուրս է գրվել Հոնկոնգի շքեղ հյուրանոցներից մեկից և որի գտնվելու վայրն այժմ անհայտ է, որպես «Booz Allen» ընկերության աշխատող իրականացնում էր ԱՄՆ-ի ԱԱԾ-ի հույժ գաղտնի ծրագիրը: Նա ասել է, թե տեղեկությունների արտահոսք կատարելուն իրեն դրդել էր հուսահատությունն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից իրականացվող քաղաքականությամբ, քանի որ այն կրկնում էր դեռևս նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք իրականացվող քաղաքականությունը:

«Չեմ ցանկանում ապրել մի հասարակության մեջ, որը նման գործողությունների է դիմում: Չեմ ցանկանում ապրել աշխարհում, որտեղ իմ բոլոր ասածներն ու արարքները ձայնագրվում են: Ես չեմ ցանկանում աջակցել կամ ապրել նման պայմաններում», - ասել է Ստուդենը բրիտանական «Գարդիան» պարբերականին տված հարցազրույցում:

Բացահայտելով ԱՄՆ-ի հույժ գաղտնի ծրագրի մասին տեղեկությունները բարձրաձայնողի անունը՝ պարբերականը նշել է, թե ինքը՝ Սնոուդենն է հայտնել նման ցանկություն:

Բացատրելով իր գործողությունները՝ Սնոուդենն ասել է, որ ԱՄՆ-ի ԱԱԾ-ն ստեղծել է մի համակարգ, որը թուլ է տալիս գաղտնալսում կատարել գրեթե ամեն ինչի նկատմամբ:

«Ունենալով նման հնարավորություններ՝ մարդկանց միջև հաղորդակցման հիմնական մասը ձայնագրվում է նույնիսկ առանց որևէ թիրախավորման: Եթե ես ցանկանամ դիտել որևէ մեկի էլեկտրոնային նամակները կամ այդ անձի տիկնոջ հեռախոսի պարունակությունը, ես պարզապես պետք է ուսումնասիրեմ արդեն իսկ հավաքված տեղեկությունները: Ինձ կարող են հասանելի դառնալ ձեր էլեկտրոնային նամակները, գաղտնաբառերը, հեռախոսազրույցների ձայնագրությունները, վարկային քարտերը», - ասել է Սնոուդենը:

«Գարդիան»-ի համաձայն, երեք շաբաթ առաջ Սնոուդենը պատճենել է ԱԱԾ-ի գաղտնի փաստաթղթերը Հավայան կղզիներում գտնվող վերջինիս գրասենյակում, ապա ասել իր վերադասին, թե իրեն «մի քանի շաբաթ արձակուրդ է անհրաժեշտ՝ էպիլեպսիա բուժելու համար»: Մայիսի 20-ին Սնոուդենը ժամանել էր Հոնկոնգ:

ԱՄՆ-ի ԿՀՎ-ն ու Սպիտակ տունը որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել պարբերականի հրապարակման կապակցությամբ, սակայն ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության տնօրենի խոսնակը, չնշելով Սնուդենի անունը, ասել է, թե հետախուզական ծառայություններն ուսումնասիրում են վերջին բացահայտումներով հասցված վնասը:

«Գաղտնի տեղեկությունների հետ աշխատանքի իրավունք ստացած ցանկացած անձ պետք է գիտակցի, որ ինքը պարտավոր է պաշտպանել նման տեղեկությունները և ենթարկվել օրենքին», - ասել է ԱՄՆ-ի ԱԱԾ-ի խոսնակ Շոն Թերները:

ԱՄՆ-ի ԱԱԾ-ն պահանջել է քրեական գործ հարուցել գաղտնի տեղեկությունների բացահայտման փաստով: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նախօրեին հայտնել է, թե գաղտնի տեղեկությունների բացահայտումներով հարուցված քրեական գործը «գտնվում է սկզբնական փուլում»:
XS
SM
MD
LG