Մատչելի հղումներ

Եվրոյի գոտում գործազրկության ռեկորդային մակարդակ է գրանցվել


17 անդամ պետություն ունեցող եվրոյի գոտում հունվար և փետրվար ամիսներին գործազրկության մակարդակy ռեկորդային 12 տոկոս է կազմել

Եվրոպական Միության վիճակագրության գրասենյակը՝ «Եվրոստատ»-ը երեքշաբթի օրը հայտնել է, որ 17 անդամ պետություն ունեցող եվրոյի գոտում հունվար և փետրվար ամիսներին գործազրկության մակարդակն առաջին անգամ ռեկորդային 12 տոկոս է կազմել:

«Եվրոստատ»-ի համաձայն, եվրոյի գոտում այժմ առանց աշխատանք է մնացել ավելի քան 19 միլիոն մարդ:

Մեկ այլ ուսումնասիրության համաձայն, Եվրոպայի երկրներում շարունակվում է արտադրական ոլորտի անկումը: Այս ոլորտում գործազրկության մակարդակը բարձրացումը չի դադարում արդեն 14 ամիս անընդմեջ:

Աշխատաշուկայի վիճակի մասին վերջին հաշվետվությունում կրկին նշվել է եվրոյի գոտում առկա գործազրկության անհավասար բաշխման հանգամանքը: Իսպանիայում և Հունաստանում գործազրկության մակարդակը կազմում է ավելի քան 25 տոկոս, սակայն Եվրոպայի ամենախոշոր տնտեսությունն ունեցող Գերմանիայում առանց աշխատանքի է մնում աշխատունակ բնակչության 5,4 տոկոսը:

Եվրոյի գոտու պետությունները շարունակում են ջանքեր գործադրել արդեն երեք տարի չդադարող պետական պարտքային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Անցյալ շաբաթ Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը հավանության են արժանացրել Կիպրոսին 13 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օգնության տրամադրումը: Կիպրոսը դարձել է եվրոյի գոտու անդամ՝ ֆինանսական օգնության դիմած արդեն հինգերորդ երկիրը:
XS
SM
MD
LG