Մատչելի հղումներ

Անկում եվրոպական և ամերիկյան շուկաներում՝ Հունաստանում տիրող անորոշության պատճառով


Եվրոպական և ամերիկյան արժեթղթերի շուկաներում գրանցվել է կտրուկ անկում՝ Հունաստանում տիրող քաղաքական անորոշության պատճառով: Անորոշության է ավելացնում նաև այն հարցը, թե արդյոք Հունաստանը կդառնա 17 պետությունների մասնակցությամբ կազմված եվրոյի գոտին լքած առաջին պետությունը:

Լոնդոնում, Փարիզում և Ֆրանկֆուրտում արժեթղթերի շուկաների ցուցիչները երկուշաբթի օրվա ցերեկն իրականացված վաճառքների ընթացքում ապրել են ավելի քան երկու տոկոսի, իսկ Նյու Յորքի հիմնական բորսաների՝ մոտ մեկ տոկոսի անկում:

Նվազել է նաև ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը, որը չորս ամսվա ընթացքում առաջին անգամ իջել է 1,29 ցուցանիշից:

Եվրոպական շուկայի վերլուծաբանների համաձայն, ֆինանսական շուկայում տիրող խառնաշփոթությանը նպաստում է Հունաստանի քաղաքական առաջնորդների նոր կառավարության ձևավորման անկարողության, ինչպես նաև իրենց կողմից ֆինանսական խնայողության միջոցների ծրագրին հավատարիմ մնալու խնդիրները:

Եվրոպական պետությունների առաջնորդները ճնշում են գործադրում Հունաստանի վրա՝ այս տարվա սկզբին ֆինանսական խիստ խնայողության միջոցների շուրջ վերցրած պարտավորությունների կատարման հարցում, որոնց փոխարեն երկրին տրամադրվել է երկու տարվա ընթացքում ֆինանսական օգնության արդեն իսկ երկրորդ փաթեթը:

Բրյուսելում Եվրոպական կառավարությունների ֆինանսների նախարարների հանդիպման ընթացքում Գերմանիայի ֆինանսների նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ֆինանսական խնայողության միջոցների կատարման վերաբերյալ պարտականությունների կատարումը Հունաստանի «միակ ճիշտ» դիրքորոշումն է:

XS
SM
MD
LG