Մատչելի հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրոպական Միությանը


Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի համաձայն, Եվրոպական Միությունը «մոտ վեց տասնամյակ նպաստում է Եվրոպայում խաղաղության և ժողովրդավարության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պահպանմանը»

Եվրոպական Միությունը դարձել է 2012 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը:

Այս մասին ուրբաթ օրը կայացած արարողության ընթացքում հայտնել է Օսլոյում գործող Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը, որի համաձայն «միությունը և միության հիմնական անդամները մոտ վեց տասնամյակ նպաստում են Եվրոպայում խաղաղության և ժողովրդավարության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պահպանմանը»:

Հանձնաժողովը նշել է նաև, որ չնայած Եվրոպան ներկայում ապրում է տնտեսական ծանր ժամանակներ և մայրցամաքում «զգալի ծավալի սոցիալական խռովություններ են տեղի ունենում», այնուամենայնիվ այն ցանկացել է կենտրոնանալ Եվրամիության ունեցած կայունացնող դերի վրա, որը նպաստել է Եվրոպան պատերազմի մայրցամաքից վերածելու խաղաղության մայրցամաքի:

Նորվեգիայի պետական «Էն-Ար-Քեյ» ընկերության համաձայն, հինգ մասնագետից բաղկացած հանձնաժողովի որոշումն ընդունվել է միաձայն:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երկուշաբթի օրը մեկնարկած Նոբելյան շաբաթի առաջին՝ բժշկության ոլորտի մրցանակը շնորհվել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոն Գուրդոնին և ճապոնացի Շինյա Յամանակային՝ ցողունային բջիջների ուսումնասիրության համար:

Ֆիզիկայի ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակը երեքշաբթի օրը շնորհվել է ամերիկացի Դեյվիդ Ուայնլանդին և ֆրանսիացի Սերժ Հարոշին՝ քվանտային մասնիկների հետ կապված հետազոտությունների համար:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի ոլորտում հեղինակավոր մրցանակը չորեքշաբթի օրը շնորհել է ամերիկացի գիտնականներ Ռոբերտ Լեֆկովիցին ու Բրայան Կոբիլկային:


Չինացի գրող Մո Յանին հինգշաբթի օրը շնորհվել է գրականության ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակը: Նկարագրելով Մո Յանի աշխատանքները, Նոբելյան հանձնաժողովը նշել է, որ հեղինակը, միակցելով ժողովրդական հեքիաթները, պատմությունն ու ներկայիս ժամանակը, ստեղծում է «հալյուցինատորային իրականություն»:

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին:

Դափնեկիրներին մրցանակները կշնորհվեն Ստոքհոլմում և Օսլոյում դեկտեմբերի 10-ին կայանալիք պաշտոնական արարողությունների ժամանակ:
XS
SM
MD
LG