Մատչելի հղումներ

Տիմոշենկոյի ազատ արձակումը՝ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման նախապայման


Կիևը չի կարող հավակնել Եվրամիության հետ ասոցացման այնքան ժամանակ, մինչդեռ Ուկրաինայի նախկին վարչապետն ազատազրկման մեջ է

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, որն այժմ նախագահում է Եվրոպական Միությունը, ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԵՄ-ը չի ստորագրի Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրն այնքան ժամանակ, մինչդեռ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ չարձակվի բանտարկությունից:

Գրիբաուսկայտեի խոսքերով, նախքան այս տարվա նոյեմբերին Եվրամիության հետ հիմնարար համաձայնագրերի ստորագրումը Ուկրաինան պետք է իրականացնի կարևորագույն բարեփոխումներ: Խոսքը, մասնավորապես, գնում է Տիմոշենկոյի խնդրի լուծման մասին, որի բանտարկությունն Արևմուտքը քաղաքական դրդապատճառներ ունեցող է համարում:

«Առանց դրա որևէ ստորագրություն տեղի չի ունենա, և ցանկանում եմ հստակ հայտարարել. պետք չէ որևէ պատրանք ունենալ այն մասին, որ որևէ բան հնարվոր կլինի իրականացնել մասնակիորեն»,- ասել է Լիտվայի նախագահը՝ հանդես գալով Արևմուտքի հետ Ուկրաինայի ինտեգրմանը նվիրված համաժողովի ընթացքում:

Ռուսաստանը դեմ է հանդես գալիս Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրման և փորձում է ներքաշել Կիևին տնտեսական այն միություն, որտեղ առաջատար դերն ունի ինքը՝ Ռուսաստանը:

Մոսկվան վերջերս ուժեղացրել է Կիևի նկատմամբ գործադրվող ճնշումը և Ուկրաինայից մի քանի ապրանքատեսակի ներմուծման նկատմամբ արգել է դրել՝ փորձելով ստիպել Ուկրաինային հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց:

Եվրամիության ներկայացուցիչներն ուրբաթ օրն այնուամենայնիվ հայտնել են, որ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումների պայմաններում Ուկրաինայի հետ Եվրամիության համերաշխությունը չի ազատում այս երկիրը Տիմոշենկոյին ազատ արձակելու անհրաժեշտությունից:
XS
SM
MD
LG