Մատչելի հղումներ

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ եվրոպական զեկույցի շուրջ


Turkey Germany

Եվրամիությունը զեկույց է հրապարակել, ուր քննադատել է Թուրքիային օրենքի գերակայության ու մարդկանց իրավունքների խաթարման համար:

Եվրոպական Միությունը երեքշաբթի օրը հրապարակած իր զեկույցում քննադատել է Թուրքիային՝ նշելով, որ այն բացթողումներ ունի իր ժողովրդավարական չափորոշիչներում և հետընթաց է ապրել ազատ արտահայտվելու ու հավաքների ազատության ոլորտներում:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության վերաբերյալ զեկույցը հրապարակվել է այս ամիս՝ ավելի վաղ Թուրքիայում կայացած ընտրություններից գրեթե անմիջապես հետո: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը մեծամասնություն ստացավ խորհրդարանում, սակայն նախընտրական ու անմիջականորեն ընտրությունների իրականացման շրջանում տեղի ունեցած միջադեպերը Եվրոպական մայրցամաքում հարցեր հարուցեցին Թուրքիայում ժողովրդավարության շուրջ:

Զեկույցի համաձայն, Եվրապական Միությունում գտնում են, որ Թուրքիան շարունակում է հետաքրքրություն դրսևորել ԵՄ-ին միանալու շուրջ, սակայն որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել կարևորագույն օրենդրական փաստաթղթերում, «որը ծավալվում է եվրոպական չափանիշներին հակառակ», - ասված է զեկույցում:

Նրանում նշվում են նաև Թուրքիայի արդարադատության անկախության խարխլումը, ինչպես նաև՝լրագրողների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները: ԵՄ-ը նաև հույս է հայտնում, որ բռնությունների ծավալումը Թուրքիայում կավարտվի:

Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավ-արևելյան հատվածում վերջին ամիսներին ռազմարշավ են նախաձեռնել քուրդ զինյալների դեմ: էրդողանը անցյալ շաբաթ խոստացել է շարունակել մարտերը մինչև վերջին ապստամբի ոչնչացումը։ Ի պատասխան, Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ ավարտում է կարճ ժամանակ տևած միակողմանի զինադադարը։

XS
SM
MD
LG