Մատչելի հղումներ

Եվրամիության ղեկավարները կքննարկեն եվրոն ամրապնդելու միջոցները


Հունաստանում կրկին համընդհանուր գործադուլ է անցկացվում

Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները Բրյուսելում հինգշաբթի օրը մեկնարկելու են եվրոյի ամրապնդմանն ուղղված միջոցառումների քննարկմանը նվիրված գագաթաժողով:

Սպասվում է, որ գագաթաժողովի ընթացքում Գերմանիան հորդորելու է Եվրոպական Միությանը առավել մեծ մասնակցություն ունենալ անդամ պետությունների տնտեսություններում: Գերմանիայի առաջարկին դեմ սակայն կարող են հանդես գալ դաշինքի անդամ որոշ պետություններ, որոնք չեն ցանկանում զիջել վերահսկողության իրավունքն իրենց պետությունների ֆինանսական ոլորտի նկատմամբ:

Այս ընթացքում Հունաստանի տրանսպորտի ոլորտի, հիվանդանոցների, գրասենյակային և խանութների աշխատողները հինգշաբթի համընդհանուր գործադուլ են անցկացնում՝ արտահայտելով իրենց բողոքը երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու դիմաց Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական Հանձնաժողովի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից պահանջվող ֆինանսական խիստ խնայողության միջոցների դեմ:

Հունաստանում մեկ ամսվա ընթացքում համընդհանուր գործադուլ է անցկացվում արդեն երկրորդ անգամ: Աթենքում ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ՝ հաշվի առնելով ֆինանսական խիստ խնայողության դեմ անցյալում անցկացված բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունները:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չորեքշաբթի օրն ասել է, թե եվրոյի գոտում ծավալված պարտքային ճգնաժամը «շատ մոտ է ավարտի», սակայն դեռևս մտահոգիչ է մնում Հունաստանի և Իսպանիայի ֆինանսական իրավիճակը:

Ֆրանսիայի նախագահի համաձայն, այս տարվա հունիս ամսին կայացած եվրոյի գոտու պետությունների նախագահների գագաթաժողովի ընթացքում դրվել է 17 անդամ ունեցող արժութային դաշինքի բանկային միության հիմքը՝ այսպիսով վերջ դնելով եվրոյի գոտու քայքայման վերաբերյալ ունեցած մտավախություններին:

Նախագահ Օլանդն այնուամենայնիվ ասել է, որ «լավ ժամանակները դեռ առջևում են», և որ մայրցամաքի պետությունների ղեկավարները մինչև այս տարվա վերջ պետք է ընդունեն ծախսերի և բանկային ոլորտի վերահսկման նոր մեխանիզմներ:
XS
SM
MD
LG