Մատչելի հղումներ

ԵՄ-ը դադարեցրել է Ուկրաինայի հետ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքը


Կիևի Անկախության հրապարակում հարյուր հազարավոր ցուցարարների առջև ուղերձով հանդես են եկել ԱՄՆ-ի սենատորներ ՄըքՔեյնն ու Մերֆին

Եվրոպական Միության համաձայն, այն դադարեցնում է Ուկրաինայի հետ առևտրի և համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքները, քանի որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պարտավորություն չի ստանձնել ստորագրելու իր կողմից անցյալ ամսվա վերջին մերժված համաձայնագիրը:

Պաշտոնական Բրյուսելը կիրակի օրը տեղեկացրել է, որ հետագա քննարկումները շարունակելու համար Ուկրաինայի իշխանություններից պահանջվում է ստանալ «համաձայնագիրը ստորագրելու հստակ հանձնառություն»:

Այս ընթացքում երկրի մայրաքաղաք Կիևի Անկախության հրապարակում հավաքված հարյուր հազարավոր ցուցարարների առջև ուղերձով հանդես են եկել Ուկրաինա նախօրեին ժամանած ԱՄՆ-ի սենատորները՝ հանրապետական Ջոն ՄըքՔեյնը և ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Քրիս Մերֆին:

Կիևի անկախության հրապարակում դեկտեմբերի 15-ին անցկացված ցույցի ընթացքում ԱՄՆ-ի սենատորներն ասել են, որ Միացյալ Նահանգները սատարում է բողոքի խաղաղ ակցիաների միջոցով երկրում բարեփոխումների իրականացման Ուկրաինայի ժողովրդի ձգտումները:

Սենատորներ ՄըքՔեյնն ու Մերֆին հորդորել են Ուկրաինայի ժողովրդին հետ չդառնալ բարեփոխումների ճանապարհից:

Ռուսաստանի իշխանություններն անմիջականորեն չեն մեկնաբանել ԱՄՆ-ի սենատորների Ուկրաինա կատարվող այցը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սակայն նախօրեին նշել էր, թե Արևմուտքի կառավարությունները, հանդես գալով Մոսկվայի ուղղությամբ Ուկրաինայի շրջադարձին ընդդեմ, «ըստ էության կորցրել են իրականության զգացումը»:
XS
SM
MD
LG