Մատչելի հղումներ

Բրյուսելում անցկացվում է ԵՄ-ի ղեկավարների գագաթաժողովը


Բրյուսելում անցկացվում է ԵՄ-ի ղեկավարների գագաթաժողովը

Բրյուսելում երկուշաբթի օրն անցկացվող գագաթաժողովի ընթացքում եվրոպական պետությունների ղեկավարները քննարկում են բյուջեի պակասորդի վերահսկման կանոնները և ֆինանսական օգնության նոր հիմնադրամի ստեղծման հարցերը՝ փորձելով գտնել պարտքային ճգնաժամից եվրոպական պետությունները դուրս բերելուն միտված լուծում:

Սպասվում է, որ գագաթաժողովի ընթացքում եվրոպական պետությունների առաջնորդները վերջնական հավանության կարժանացնեն եվրոն որպես պետական արժույթ օգտագործող պետություններին օժանդակություն տրամադրելու մշտական նոր հիմնադրամը:

Հիմնադրամը, որը կրելու է «Եվրոպական կայունության մեխանիզմ» անվանումը, և որի ծավալը կազմելու է 661 միլիարդ դոլար, պետք է մեկնարկի իր աշխատանքն այս տարվա հուլիս ամսից:

Եվրոպական Միությունը նախկինում հայտնել էր, որ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու են նաև աշխատատեղերի ստեղծման խնդիրները, մասնավորապես՝ երիտասարդների համար:

Այս ընթացքում Հունաստանի իշխանությունները փորձում են ստանալ 169 միլիարդ դոլար ծավալով նոր վարկ, որն անհրաժեշտ է՝ պետական պարտքով իր պարտականությունները չկատարելուց խուսափելու համար:

Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսը, երկրի քաղաքական հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումից հետո, կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «հանդիպման ընթացքում ձեռք է բերվել տնտեսման խիստ միջոցների իրականացման շուրջ համաձայնություն»:

XS
SM
MD
LG