Մատչելի հղումներ

ԵՄ-ը կպիտակավորի Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում արտադրված ապրանքները


Եվրոպական Միությունը նախատեսում է իրականացնել Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում գործող Իսրայելի ընկերություններին վերջիններիս արտադրված ապրանքների պիտակների վրա ծագման վայրը նշել պարտադրող ծրագրերը

Եվրոպական Միությունը նախատեսում է իրականացնել Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում գործող Իսրայելի ընկերություններին վերջիններիս արտադրված ապրանքների պիտակների վրա ծագման վայրը նշել պարտադրող ծրագրերը:

ԵՄ-ը նախատեսում է, որ Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում արտադրված ապրանքների վրա դրված լինի համապատասխան նշում այս վայրերում արտադրված լինելու մասին:

Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչյանչիչը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ այս քաղաքականությամբ ի կատար կածվի արդեն բավականին վաղուց ընդունված սպառողների պաշտպանության ոլորտի իրավական ակտերից մեկը:

«Իրավական այս ակտի հիմքում ընկած է այն սկզբունքը, որ որևէ տեղեկատվություն չպետք է մոլորեցնի հաճախորդին: «Արտադրված է Իսրայելում» պիտակը մոլորեցնող է, երբ խոսքը գնում է նման բնակավայրերում արտադրված ապրանքներին: Ներքին խորհրդակցություններն ընթացքում են», - ասել է Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատարի խոսնակը:

Լոնդոնի «Սիթի» համալսարանի մերձավորարևելյան քաղաքագիտության պրոֆեսոր Ռոզմարի Հոլիսի համաձայն, այս փոփոխությունները կհամապատասխանեցնեն պիտակավորումը Իսրայելի բնակավայրերի վերաբերյալ Եվրամիության քաղաքականությանը:

«Կարելի է ասել, որ այս միջոցառումների իրականացումը գրեթե ուշացել է՝ բնակավայրերի իրավական կարգավիճակի, կամ, ավելի շուտ, իրավական կարգավիճակի բացակայության առումով», - ասել է պրոֆեսոր Հոլիսը:

Եվրամիության և Իսրայելի միջև 2009 թվականին կնքված համաձայնագրով ազատականացվել էր առևտուրը գյուղատնտեսության և մի շարք ծառայությունների մատուցման ոլորտներում: Իսրայելից Եվրամիության շուկա ներմուծվող ապրանքների ծավալն անցյալ տարի հասել է 16,7 միլիարդ դոլարի:

Իսրայելն արդեն իսկ վրեժխնդիր է եղել Եվրամիության նկատմամբ այս ծրագրերի պատճառով՝ արգելափակելով ԵՄ-ի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող տասնյակ հազարավոր պաղեստինցիներին օգնության տրամադրումը: Եվրամիությունը սակայն դեռևս չի հայտնել ապրանքների պիտակավորման նոր կանոնակարգերի իրականացման ժամանակացույց մշակելու մասին:
XS
SM
MD
LG