Մատչելի հղումներ

Եվրամիությունը սառեցրել է 18 ուկրաինացիների, այդ թվում՝ Յանուկովիչի հաշիվները


Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված ցուցակում ներառված են Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու իր երկու որդիները՝ գործարար Ալեքսանդրն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորը

Եվրամիությունը հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախկին կառավարության ակնառու 18 գործիչների, այդ թվում՝ երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի և իր ընտանիքի անդամների հաշիվների սառեցման որոշում ընդունելու մասին:

Այս անձինք մեղադրվում են պետական միջոցների յուրացման և մարդու իրավունքների խախտումներ իրականացնելու մեջ:

Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված ցուցակում ներառված են Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու իր երկու որդիները՝ գործարար Ալեքսանդրն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորը:

Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները տարածվել են նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, երկրի նախագահի աշխատակազնի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևի, ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի և վերջիններիս ընտանիքների անդամների վրա:

Եվրամիության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ պատժամիջոցները «Ուկրաինայի պետական յուրացված միջոցների սառեցման և վերադարձնելու» նպատակ են հետապնդում:

ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում հինգշաբթի օրը և կգործեն մեկ տարի ժամկետով:
XS
SM
MD
LG