Մատչելի հղումներ

Եթովպիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Շվեդիայի երկու լրագրող


Եթովպիայում 11 տարվա ազատազրկման դատապարտված հետաքննող լրագրող Մարտին Շիբի

Եթովպիայի իշխանությունները ահաբեկչությունը սատարելու և երկրի տարածք անօրինական անցնելու նպատակով 11 տարվա ազատազրկման են դատապարտել Շվեդիայի քաղաքացի երկու լրագրողի:

Ադիս Աբեբայի դատարանն այս վճիռը կայացրել է երեքշաբթի օրը՝ հետաքննող լրագրող Մարտին Շիբին և ֆոտոլրագրող Յուխան Պերսոնին, որոնք կարող էին դատապարտվել 18 տարվա ազատազրկման, մեղադրանք ներկայացնելուց գրեթե մեկ շաբաթ անց:

Անցյալ շաբաթ դատավորը հայտնել է, թե հավանական չէր, որ հուլիս ամսին Եթովպիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ապստամբների «Օգադենի ազգային ազատագրման ճակատ»-ի մարտիկների հետ երկիր մուտք գործած լրագրողները փորձեին լրատվական գործունեությամբ զբաղվել:

Լրագրողներն ընդունել են Եթովպիայի տարածք անօրինական անցնելու փաստը, սակայն Շվեդիայի կառավարությունը և իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են այս երկրի իշխանություններին՝ ասելով, որ լրագրողները զբաղվել են օրինական աշխատանքով:

Եթովպիայի իշխանությունները խիստ սահմանափակել են Սոմալիի հետ սահմանակից Օգադեն տարածաշրջան լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների աշխատողների մուտքը:

«Օգադենի ազգային ազատագրման ճակատ»-ի մարտիկները 1984 թվականից պայքարում են Եթովպիայից անկախություն ձեռք բերելու համար և մեղադրում են այս երկրի իշխանություններին հիմնականում սոմալացիներով բնակեցված այս շրջանում դաժանություններ իրականացնելու մեջ:

Մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունները և իրավապաշտպանները սակայն մեղադրել են ինչպես «Օգադենի ազգային ազատագրման ճակատ»-ը, այնպես ել Եթովպիայի իշխանությունները հակամարտության ընթացքում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ իրականացնելու մեջ: Երկու կողմերն էլ հերքել են այս մեղադրանքները:

XS
SM
MD
LG