Մատչելի հղումներ

Մայր Աթոռը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը


Մայր Տաճար Սուրբ Էջմիածին
Մայր Տաճար Սուրբ Էջմիածին

«Հորդորում ենք նաև Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին «դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ»:

«Հետևելով հետընտրական զարգացումներին և դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին` հարկ ենք համարում նշել հետևյալը. բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Նկատի առնելով Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ Հայաստանի նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը», - նշում է Մայր Աթոռը՝ հավելելով. «Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի և կոչ անում առաջնորդվել եղբայրսիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից»:

«Հորդորում ենք նաև Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG