2010 թվականի ապրիլի 7-ին Մերձդնեստրում “Մոլդովայի օգտին լրտեսության և պետական դավաճանության” մեղադրանքով ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը բաց նամակով դիմել է միջազգային հանրությանը:
Իր նամակում Վարդանյանի մայրը` Թամարա Շագոյանը, նկարագրում է հայազգի լրագրողի ձերբակալության և բանտային կյանքի մանրամասնությունները:
Ըստ Շագոյանի, Էռնեստ Վարդանյանից ինքնախոստովանություն են կորզել խոշտանգումների և բռնությունների միջոցով: Ավելին, մինչև հիմա Վարդանյանի ընտանիքի անդամների համար պարզ չէ, թե ինչ փաստերի հիման վրա է 30-ամյա լրագրողը մեղավոր ճանաչվել:
Բացի այդ, Վարդանյանին հնարավորություն չի տրվել փաստաբան ունենալ իր ընտրությամբ, ինչպես նաև հանդիպել ընտանիքի անդամներին մինչ “սեփական մեղքն ընդունելը”:
Tert.am էլեկտրոնային կայքէջի փոխանցմամբ, հուլիսի 23-ին ընտանիքի հետ տեսակցության ժամանակ Էռնեստը հրաժարվել է հետագա տեսակցություններից՝ նշելով, որ գտնվում է հոգեկան ընկճվածության մեջ և այդ իրավիճակում ի վիճակի չէ տեսնել իր զավակներին։
Նամակի միջոցով Էռնեստի մայրը` Թամարա Շագոյանը կոչ է անում նաև, որպեսզի Եվրոպական դատարանի համապատասխան գրասենյակում գրանցված որդու գործը լսվի արագացված կարգով: