Մատչելի հղումներ

Էրդողանը «չի հարգում» «Թվիթեր»-ի արգելափակումը չեղյալ համարելու շուրջ դատարանի որոշումը


Վարչապետ Էրդողանն այնուամենայնիվ նշել է, որ կենթարկվի սահմանադրական դատարանի որոշմանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե «չի հարգում» Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշումը, որը չեղյալ է հայտարարել սոցիալական «Թվիթեր» կայքի աշխատանքը երկրում արգելափակելու մասին վարչապետի կողմից մոտ երկու շաբաթ առաջ արձակված հրամանագիրը:

Վարչապետ Էրդողանն այնուամենայնիվ նշել է, որ կենթարկվի սահմանադրական դատարանի որոշմանը:

Էրդողանը Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշման շուրջ հայտարարությամբ հանդես է եկել ուրբաթ օրը, ինչից մեկ օր առաջ Թուրքիայում վերականգնվել էր սոցիալական արգելված «Թվիթեր» կայքի աշխատանքը:

«Մենք ենթարկվել ենք այս որոշման, որովհետև որոշումը կայացվել է սահմանադրական դատարանի կողմից: Այսպիսով, մենք համապատասխան կարգադրություններ ենք տվել մեր բարեկամներին և գործել ենք՝ դատարանի որոշմանը համապատասխան եղանակով: Ես սակայն չեմ հարգում այս որոշումը», - ասել է Էրդողանը:

Չնայած Թուրքիայում «Թվիթեր»-ի աշխատանքի վերականգնման՝ «Յություբ» կայքի աշխատանքն այնուամենայնիվ արգելված է մնում երկրում: Թուրքիայի իշխանություններն արգելափակել էին մուտքը դեպի «YouTube» կայքն այն բանից հետո, երբ այնտեղ հրապարակվել էր Թուրքիայի արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման քննարկման ըստ էության «արտահոսված» ձայնագրությունը:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի կառավարության կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը «խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության հասանելիության համար աղետալի հետևանքներ ունեցող քայլ» էր անվանել:

Կազմակերպությունը հորդորել էր Թուրքիայի իշխանություններին վերականգնել օգտատերերի մուտքի իրավունքը դեպի անցյալ շաբաթ արգելափակված «YouTube» և «Twitter» կայքեր:

«Human Rights Watch»-ի համաձայն, նման սահմանափակումները խախտում են Թուրքիայի կողմից մարդու իրավունքների միջազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Թուրքիայի օրենսդրությունը:
XS
SM
MD
LG