Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահից ներողություն է պահանջում


Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահից ներողություն է պահանջում
Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահից ներողություն է պահանջում

Թուրքիայի վարչապետ Էրդողանը ներողություն է պահանջում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Էրդողանը չորեքշաբթի օրն ասել է, թե Արևմտյան Հայաստանի վերաբերյալ Հայաստանի նախագահի կողմից արված հայտարարությունը վայել չէ երկրի ղեկավարի համար:

«Հայաստանի նախագահի կողմից արված հայտարարությունը չի կարող համարվել նախագահին վայել մոտեցման արտահայտում: Գալիք սերունդը ատելությամբ և թշնամանքով զինելը սազական չէ պետական գործչին»:

Էրդողանի համաձայն, իր հայտարարությամբ «Սարգսյանը շատ լուրջ սխալ է գործել: Նա պատմական սխալ է ընդգծել և հաստատել»:

«Նա պետք է ներողություն խնդրի և հրաժարվի իր գործած սխալից», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը նույնպես քննադատության է ենթարկել Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «News.am» գործակալության հարցին այն մասին, թե ինչպես է մեկնաբանում Թուրքիայի վարչապետի և Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատությունը Հայաստանի նախագահի` Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ երիտասարդի կողմից հնչեցված հարցին տրված պատասխանի վերաբերյալ, ասել է, թե այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թուրքական կողմն ուղղակի չի կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում է այն, ինչ ուզում է ասել` կառչելով խոսքի հատվածներից:

«Իրականում նման հարցին Հայաստանի նախագահի պատասխանը լուրջ, համակողմանի և շատ կշռադատված պատասխան է, որը եթե չեն ընկալում Թուրքիայում, ուրեմն պարզապես դա իրենց պետք չէ: Ամեն դեպքում բարձրացված հիստերիան ոչ միայն շինծու է, այլև եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին», - ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը:

Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահից ներողություն է պահանջում
Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահից ներողություն է պահանջում

Հիշեցնենք, որ, Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը, պատասխանելով Ծաղկաձորում Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ երիտասարդներից մեկի կողմից հնչեցված այն հարցին, թե արդյոք «սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», դիմելով հարցն ուղղած երիտասարդին ասել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

XS
SM
MD
LG