Մատչելի հղումներ

Հրաժարական ներկայացնելու կոչ Էրդողանին՝ պաշտոնից հրաժարված նախարարի կողմից


Թուրքիայի կառավարության երեք նախարար հրաժարական են ներկայացնել չորեքշաբթի օրը՝ երկրում կաշառակերության հետ կապված շարունակվող սկանդալի պատճառով

Թուրքիայի կառավարության երեք նախարար հրաժարական են ներկայացնել չորեքշաբթի օրը՝ երկրում կաշառակերության հետ կապված շարունակվող սկանդալի պատճառով:

Պաշտոնից ազատված նախարարներից մեկը հրաժարական ներկայացնելու կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչը է՛լ ավելի մեծ լարվածություն է ստեղծել արդեն մեկ շաբաթ շարունակվող ճգնաժամում, որի հետևանքով Էրդողանն առճակատվել է Թուրքիայի դատական մարմինների հետ: Այս սկանդալը, բացի այդ, հրահրել է հակակառավարական հույզեր, որոնք ձևավորվել են այս տարվա կեսերին տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի ժամանակից:

Հրաժարական են ներկայացել Թուրքիայի ներքին գործերի, տնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարները, որոնց որդիները ձերբակալվել էին դեկտեմբերի 17-ին՝ ոստիկանության կողմից պետական «Հալք բանկ»-ի հետ կապված կաշառակերության հետաքննության շրջանակներում:

Հրաժարական ներկայացրած երկու՝ ներքին գործերի և տնտեսության նախարարները վերահաստատել են Էրդողանի կողմից ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, որ կաշառակերության հետաքննությունը Թուրքիայի կառավարության դեմ ուղղված անհիմն դավադրություն է:

Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրդողան Բայրաքաթը սակայն հանդես է եկել Թուրքիայի վարչապետի դեմ:

«Վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի՝ հանուն այս ազգի և երկրի բարեկեցության», - ասել է նախարարը, որի հայտարարությունը, ըստ վերլուծաբանների, «զրոյացրել է» Թուրքիայի ներքին գործերի և տնտեսության նախարարների հրաժարականով լարվածության նվազեցման հնարավորությունը:

Վերլուծաբանների համաձայն, չնայած Թուրքիայի նախարարների խորհրդում իրականացված փոփոխությունները միտումնավոր կատարվել են Սուրբ Ծննդյան օրը՝ միջազգային հիմնական շուկաներում Թուրքիայի զբաղեցրած դիրքին վնասվածքները մեղմացնելու նպատակով, երկրի ֆոնդային ցուցիչներն այնուամենայնիվ գրանցել են 3 տոկոսի անկում, դոլարի նկատմամբ անկում է գրացնել նաև Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան:
XS
SM
MD
LG