Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահն Իրանում քննադատել է Սիրիայի վարչակարգին


Իրանի համաձայն, Բաշար ալ-Ասադի դեմ շարունակվող ապստամբությունը «Արաբական գարնան» մաս չի կազմում

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին չորեքշաբթի օրը Չմիավորված պետությունների գագաթաժողովում իր ելույթի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին:

Մորսիի համաձայն, աշխարհը Սիրիայի ժողովրդին սատարելու բարոյական պարտականություն ունի՝ տարածաշրջանում հեղափոխական զարգացումների մաս գնահատելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Եգիպտոսի նախագահի ելույթի ընթացքում Սիրիայի պատվիրակությունը դուրս է եկել դահլիճից: Սիրիայի կառավարությունն ու վերջինիս սատարող Իրանի համաձայն, Բաշար ալ-Ասադի դեմ շարունակվող ապստամբությունը «Արաբական գարնան» մաս չի կազմում, իսկ դրա մասնակիցները հիմնականում Միացյալ Նահանգների և տարածաշրջանի պետությունների ֆինանսավորմամբ գործող օտարերկրյա «ահաբեկիչներ» են:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հինգշաբթի ավելի ուշ կանցկացնի հանդիպում՝ նվիրված Սիրիայում թափ հավաքող մարդասիրական ճգնաժամին: Անվտանգության խորհրդում ստեղծվել է փակուղային իրավիճակ, քանի որ Արևմտյան պետությունների կողմից առաջադրված՝ Ասադին քննադատող և Սիրիայի վարչակարգին պատժամիջոցներով սպառնացող երեք բանաձևերն արգելափակվել են Ռուսաստանի և Չինաստանի կողմից:

Սիրիայում պայքարը շարունակող ապստամբներն այս ընթացքում հայտնել են Թուրքիայի հետ սահմանամերձ Իդլիբ նահանգում կառավարական զինված ուժերի մի կործանիչ ոչնչացնելու մասին, սակայն անկախ աղբյուրներն այս հաղորդագրությունները չեն հաստատել:
XS
SM
MD
LG