Իսրայելը բանակցություններ է անցկացնում Եգիպտոսի հետ՝ այստեղ իր դեսպանին հետ ուղարկելու խնդրի շուրջ։ Հիշեցնենք, որ Իսրայելի դեսպանության բոլոր աշխատակիցներն Իսրայել էին վերադարձել Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա ամբոխի կողմից ուրբաթ օրն իրականացված մի հարձակումից հետո։ Բանակցություններն ընթանում են դեսպանի եւ ամբողջ անձնակազմի անդամների անվտանգությունն ապահովելու երաշխիքների մասին։
Ամբոխն ուրբաթ օրը պատուհաններից դուրս էր նետել դեսպանության փաստաթղթերը եւ բախումներ սկսել Եգիպտոսի ոստիկանության հետ, որը փորձել էր կասեցնել նրանց ներխուժումը դեսպանության շենք։ Բախումների ընթացքում սպանվել է 3 մարդ, վիրավորվել` 1ՕՕՕ այլոք։
Հիշեցնենք նաեւ, որ Եգիպտոսի հատուկ ուժերին հաջողվել էր ազատել դեսպանատանը մնացած երեք աշխատակիցներին։ Ամբողջ անձնակազմը շաբաթ օրը դուրս էր բերվել երկրից՝ այնտեղ պահելով միայն առաքելության ղեկավարի տեղակալին։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իսրայելն ու Եգիպտոսն ԱՄՆ-ի դաշնակիցներն են եւ ամեն ինչ պետք է անեն խաղաղության պայմանագիրը հարգելու համար։ Արտգործնախարարությունը նաեւ խոստացել է ամեն կերպ աջակցել կողմերին՝ հարաբերությունները կայուն ու բարեկամական պահելու համար։
Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ երկու երկրների սահմանի վրա իսրայելյան ուժերն անցյալ ամիս սպանեցին եգիպտոսցի 5 ոստիկանների։