Մատչելի հղումներ

Եգիպտոսի ոստիկանությանը մեղադրում են անվտանգությունը չապահովելու մեջ


Եգիպտոսի ոստիկանությանը մեղադրում են անվտանգությունը չապահովելու մեջ

Եգիպտոսի ակտիվիստները չորեքշաբթի օրը դուրս են եկել փողոց՝ բողոքելով ոստիկանության ուժերի կողմից ֆուտբոլային հանդիպման ընթացքում անվտանգությունը չապահովելու դեմ:

Ցուցարարներն իրենց զայրույթն են արտահայտել այն հանգամանքով, որ չորեքշաբթի ուշ երեկոյան ֆուտբոլային հանդիպման ընթացքում երկրում մինչ օրս տեղի ունեցած ֆուտբոլային ամենազանգվածային խռովությունների ընթացքում մարզադաշտում գտնվող ոստիկանության հատուկ ուժերը որևէ գործողություն չեն ձեռնարկել: Ցուցարարները դատապարտել են նաև այն հանգամանքը, որ որոշ մարդկանց թույլատրվել է մարզադաշտ զենք ներկրել:

Երկրի հյուսիսային Պորտ-Սաիդ քաղաքում անցկացված ֆուտբոլային հանդիպման ընթացքում բռնկված խռովությունների պատճառով զոհվել է առնվազն 74 մարդ, վնասվածքներ են ստացել հարյուրավոր ֆուտբոլասերներ:

Մարզադաշտում բռնությունները բռնկվել են այն ժամանակ, երբ տեղական «Ալ-Մասրի» թիմի աջակիցները հանդիպման ընթացքում դուրս են եկել ֆուտբոլի դաշտ՝ հարձակում գործելով այցելող «Ալ-Ահլի» թիմի խաղացողների և աջակիցների վրա:

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Էլիզաբեթ Առոն հաղորդել է Պորտ-Սաիդում հինգշաբթի օրը տիրող լարված մթնոլորտի մասին: Քաղաք մտցվել են զինված ուժերի ստորաբաժանումներ՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով:

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, ցուցարարների մի մասը տեղի ունեցածի համար մեղադրել են զինված ուժերն ու ոստիկանությունը, մյուս մասը կոչ է արել վրեժխնդիր լինել բռնությունները հրահրած անձանց նկատմամբ:

Եգիպտոսի քաղաքացիական խոշորագույն «Մահմեդական եղբայրություն» շարժումը բռնություններ հրահրելու մեջ մեղադրել է հրաժարական ներկայացրած նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցներին՝ ասելով, թե «որոշ անձինք ցանկանում են քաոս և քայքայում ստեղծել Եգիպտոսում»:

XS
SM
MD
LG