Մատչելի հղումներ

 
Բողոքներ Եգիպտոսում՝ նախագահի կողմից չափազանց մեծ լիազորություններ ստանձնելու դեմ

Բողոքներ Եգիպտոսում՝ նախագահի կողմից չափազանց մեծ լիազորություններ ստանձնելու դեմ


Նոբելյան մրցանակակիր Մոհամեդ էլԲարադեյը զգուշացրել է, որ նախագահի այս քայլը կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ

Եգիպտոսի ընդդիմությունն ուրբաթ օրը կոչ է արել դուրս գալ բողոքի ցույցերի այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մոհամեդ Մորսին հայտարարել է իր որոշումները դատական կարգով կամ որևէ այն մարմնի միջոցով բողոքարկելու անհնարինության վերաբերյալ որոշում կայացնելու մասին:

Նախագահ Մորսիի խոսնակն այս հրամանագրի մասին հայտնելու ժամանակ նշել է, թե այն անհրաժեշտ է «հեղափոխությունը պաշտպանելու համար»: Երկրի ընդդիմությունը սակայն պնդում է, որ նման քայլը հակաօրինական է:

Եգիպտոսի նախագահի կողմից ընդունված որոշմամբ երկրի դատական իշխանությանն արգելվում է նաև ցրել խորհրդարանի վերին պալատն, ինչպես նաև նոր սահմանադրության մշակման վրա աշխատող ժողովը: Այս երկու մարմիններում մեծամասնություն են կազմում նախագահ Մորսիի իսլամիստ դաշնակիցները:

Նախագահի կողմնակիցների համաձայն, այս երկու որոշումները պետք է վաղուց ընդունված լինեին: Նոբելյան մրցանակակիր, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Եգիպտոսի ընդդիմության ակնառու գործիչ Մոհամեդ էլԲարադեյը սակայն ասել է, թե նախագահ Մորսին անօրինական եղանակով իր ձեռքում է կենտրոնացրել պետական բոլոր լիազորությունները՝ զգուշացնելով, որ այս քայլը կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ:

Եգիպտոսի նախագահը դիմել է այս քայլերի՝ Գազայի գոտում զինադադար հաստատելու ուղղությամբ միջնորդի իր ջանքերի համար միջազգային հանրության գովասանքի արժանանալուց հետո:
XS
SM
MD
LG