Մատչելի հղումներ

Եգիպտոսի վարչապետ. «ԱՄՆ-ի կողմից օգնության դադարեցումը վատ նշան կլինի»


Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ էլ-Բեբլավի (արխիվային լուսանկար)
Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ էլ-Բեբլավի (արխիվային լուսանկար)

«Եգիպտոսն ու Միացյալ Նահանգներն ունեն միմյանց կարիքը՝ ճիշտ այնպես, ինչպես երկրին անհրաժեշտ է հարաբերություններ պահպանել եվրոպական և ասիական պետությունների հետ»

Եգիպտոսի ժամանակավոր վարչապետն ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից երկրի զինված ուժերին տրամադրվող օգնության դադարեցմանն ուղղված ցանկացած քայլ «շատ վատ նշան կլինի»:

Վարչապետ Հազեմ էլ-Բեբլավին ասել է, որ ֆինանսավորման այս աղբյուրի կորուստը «որոշ ժամանակով» ազդեցություն կգործի Եգիպտոսի զինված ուժերի վրա՝ հավելելով, որ այս երկրի զինված ուժերը նախկինում մի քանի տասնամյակ «գոյատևել» են Ռուսաստանի կողմից տրամադրվող ռազմական օժանդակության շնորհիվ:

Բեբլավին ասել է, թե «Եգիպտոսն ու Միացյալ Նահանգներն ունեն միմյանց կարիքը՝ ճիշտ այնպես, ինչպես երկրին անհրաժեշտ է հարաբերություններ պահպանել եվրոպական և ասիական պետությունների հետ»:

Եգիպտոսի ժամանակավոր վարչապետն իր հայտարարությամբ հանդես է եկել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգներում և Եվրոպական Միությունում քննարկվում է Եգիպտոսին ֆինանսական աջակցության տրամադրումը շարունակելու խնդիրը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը չորեքշաբթի օրը կքննարկի Եգիպտոսում ստեղծված իրավիճակը: Այս միջոցառման անցկացումից մեկ օր առաջ ԱՄՆ-ի կողմից Եգիպտոսին տարեկան 1,5 միլիարդ դոլարի օգնության փաթեթի տրամադրման քննարկման նպատակով իր վարչակազմի հետ էր հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաները նախօրեին հերքել են Եգիպտոսին տրամադրվող օգնության որևէ տեսակի դադարեցման մասին շրջանառվող լուրերը՝ նշելով, որ անցյալ ամիս նախագահ Օբամայի կողմից Եգիպտոսին տրամադրվող օգնության ուսումնասիրությունն ընթացքում է:
XS
SM
MD
LG