Մատչելի հղումներ

Իսլամիստներին պաշտոններ են առաջարկվել Եգիպտոսի նախարարների խորհրդում


«Մահմեդական եղբայրությունն» հայտարարել է, թե դեմ է ժամանակավոր կառավարության ստեղծման, և պահանջել է նախագահի պաշտոնում վերականգնել պաշտոնանկ արված նախագահ Մորսիին

Եգիպտոսի նորանշանակ ժամանակավոր վարչապետ Հազեմ էլ-Բիբլավին չորեքշաբթի օրը մեկնարկել է աշխատանքները երկրի նախարարների խորհրդի ձևավորման ուղղությամբ, որոնք ներառում են «Մահմեդական եղբայրության» և իսլամիստական «Նուռի» կուսակցության ներկայացուցիչներին նախարարի պաշտոններ առաջարկելու ծրագրեր:

Էլ-Բիբլավին տնտեսագետ է, որը նախկինում զբաղեցրել է Եգիպտոսի ֆինանսների նախարարի պաշտոնը: Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը նշանակել է նրան ժամանակավոր վարչապետի պաշտոնում՝ նոբելյան մրցանակակիր Մոհամեդ ԷլԲարադեյին փոխնախագահի պաշտոնում նշանակելուց հետո:

Եգիպտոսի ժամանակավոր ղեկավարները շարունակում են իրականացնել երկրում քաղաքական արագ անցման ծրագրերը, որոնք ներառում են երկրի սահմանադրությունը փոփոխելու, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական նոր ընտրություններ անցկացնելու ծրագրերը:

Քաղաքական բազմաթիվ ուժեր սակայն, ներառյալ «Մահմեդական եղբայրություն» ու «Նուռի» կուսակցությունը, քննադատում են անցումային ծրագիրը, որը Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիին զինված ուժերի կողմից պաշտոնանկ անելուց հետո օրեր անց ներկայացրել էր ժամանակավոր նախագահ Մանսուրը:

Երկրի ազատական հիմնական կազմակերպությունը, «Ազգային փրկության ճակատը», չորեքշաբթի օրը հայտնել է, որ անցումային ծրագրում չի ներառված իր կարծիքը, և որ կազմակերպությունը համաձայն չէ ծրագրի որոշ տարրերի հետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև երիտասարդական «Թամարուդ» շարժումը, և երկու կազմակերպությունները նախատեսում են փոփոխություններ առաջարկել Եգիպտոսում իրականացվող «ճանապարհային քարտեզին»:

«Մահմեդական եղբայրությունն» իր հերթին չորեքշաբթի օրը հայտնել է, թե դեմ է ժամանակավոր կառավարության ստեղծման, և պահանջել է նախագահի պաշտոնում վերականգնել պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մորսիին: Խմբավորման խոսնակի համաձայն, այն չի ընդունելու երկրի նոր կառավարությանը միանալու որևէ առաջարկություն:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, Միացյալ Նահանգները քննարկում է անցկացնում «Մահմեդական եղբայրության» ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խրախուսում է խմբավորումը միանալու անցումային գործընթացին: Արտգործնախարարության խոսնակի համաձայն, Եգիպտոսում անցումային ցանկացած գործընթաց պետք է ներկայացուցչական լինի:
XS
SM
MD
LG