Մատչելի հղումներ

Յոթ տարվա ազատազրկում «Ալ-Ջազիրա»-ի լրագրողներին՝ Եգիպտոսում


Եգիպտոսի դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել «Ալ-Ջազիրա» լրատվական գործակալության երեք լրագրողի՝ այդ երկրում արգելված «Մահմեդական եղբայրությանը» սատարելու և կեղծ լուրեր տարածելու մեղադրանքներով

Եգիպտոսի դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել «Ալ-Ջազիրա» լրատվական գործակալության երեք լրագրողի՝ այդ երկրում արգելված «Մահմեդական եղբայրությանը» սատարելու և կեղծ լուրեր տարածելու մեղադրանքներով:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ազատազրկման են դատապարտվել ավստրալիացի Փիթեր Գրեստեն, Կանադայի ծագումով եգիպտացի քաղաքացի Մոհամեդ Ֆահմին և Եգիպտոսի քաղաքացի Բահեր Մոհամեդը: Վերջինիս դատավճռին ավելացվել է ևս երեք տարվա ազատազրկում՝ նրան ներկայացված այլ մեղադրանքների պատճառով:

Լրագրողները ձերբակալվել էին անցյալ տարվա դեկտեմբերին Կահիրեում, որտեղից նրանք աշխատում էին՝ Եգիպտոսի կառավարության կողմից գործակալության բյուրոն փակելուց հետո:

«Ալ-Ջազիրա»-ն չի ճանաչում իր աշխատողներին ներկայացված մեղադրանքները: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մոստեֆա Սուագը «ցնցող» է անվանել Եգիպտոսում լրագրողներին ներկայացված դատավճիռը՝ նշելով, որ «Ալ-Ջազիրա»-ն շարունակելու է իր լրագրողներին ազատ արձակելուն ուղղված պայքարը:

«Ալ-Ջազիրա»-ի անգլերեն լեզվով հեռարձակվող հաղորդագրությունների գծով տնօրեն Էլ Էնսթին ասել է, որ գործակալության լրագրողները մեղավոր են ճանաչվել «առանց ապացույցների որևէ նշանի»:

Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպն իր հերթին ասել է, որ Եգիպտոսի դատարանի վճիռը չի սատարում այս երկրի կառավարության կողմից «դեպի ժողովրդավարություն շարժվելու մասին արվող հայտարարությունները»:

«Ավստրալիայի կառավարությունը հորդորում է Եգիպտոսի նոր կառավարությանը լավ մտածել այն մասին, թե նման գործողությունների միջոցով ինչպիսի ուղերձ է այն հղում աշխարհին Եգիպտոսում տիրող իրավիճակի մասին: Ազատությունն ու մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմքերն են, և մեզ շատ է մտահոգում այն հանգամանքը, որ լրագրողներին ներկայացված դատավճիռը կազմում է ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը սատարող լրատվամիջոցների ազատությունը լռեցնելու փորձ», - նշել է Ավստրալիայի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG