Մատչելի հղումներ

Եգիպտոսում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե


Եգիպտոսում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե
Եգիպտոսում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե

Եգիպտոսում շաբաթ օրն անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի ընթացքում ժողովուրդը «այո» կամ «ոչ» է ասելու երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությանը։

Սպասվում է, որ երկրի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո առաջին անգամ անցկացվող այս քվեարկության մասնակցությունը բարձր կլինի։

Սահմանադրական փոփոխություններն ընդունվելու դեպքում ընդդիմության բոլոր թեկնածուներին հնարավորություն է ընձեռվելու մասնակցել նախագահական ընտրություններին, իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվելու է չորս տարով։ Բացի այվ, Եգիպտոսում խորհրդարանական և նախագահական ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել մինչև այս տարվա ավարտը։

Աշխարհիկ կազմակերպությունները և բարեփոխումների ջատագով ակտիվիստները, ներառյալ Արաբական պետությունների լիգայի նախագահ Ամր Մուսան և Նոբելյան մրցանակակիր Մուհամեդ ԷլԲարադեյը, որոնք երկուսն էլ նախատեսում են մասնակցել նախագահական ընտրություններին, դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությունների ընդունմանը։

Փոփոխությունների ընդունման դեմ հանդես եկողների համաձայն, ընտրությունների հապճեպ անցկացումը անարդար առավելություն կտա Եգիպտոսում առկա երկու կայացած կուսակցություններին՝ Մուբարաքի «Ազգային ժողովրդավարական կուսակցությանը» և իսլամիստական «Մահմեդական եղբայրությանը»։

Փոփոխությունների ընդունման կողմնակիցների համաձայն, սահմանադրական փոփոխությունների մերժումը հնարավորություն կտա Մուբարաքի հրաժարականից հետո իշխանության գլուխ անցած ռազմական խորհրդին ավելի երկար ժամանակ կառավարել այս երկրում:

XS
SM
MD
LG