Մատչելի հղումներ

Եգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է ձերբակալել «Մահմեդական եղբայրության» առաջնորդներին


Եգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է ձերբակալել «Մահմեդական եղբայրության» առաջնորդներին՝ դիմելով այս քայլին նույնիսկ այն դեպքում, երբ երկրի ժամանակավոր ղեկավարությունը նախատեսում է նախարարի պաշտոններ հատկացնել «Մահմեդական եղբայրությանը» երկրի ժամանակավոր կառավարության կազմում:

Գլխավոր դատախազի գրասենյակից հաղորդել են, որ արձակվել է «Մահմեդական եղբայրության» ղեկավար Մոհամեդ Բադիեի, նրա տեղակալներից մեկի և խմբավորման ևս ութ անդամի ձերբակալության կարգադրություն: Դատախազության համաձայն, նրանք մեղադրվում են Կահիրեում երկուշաբթի օրը 51 զոհի պատճառը դարձած արյունահեղությունը հրահրելու մեջ:

«Մահմեդական եղբայրության» խոսնակը «ոստիկանական նույն և հին ռազմավարություն» է անվանել ձերբակալության կարգադրությունները:

Եգիպտոսի արտգործնախարարությունը չորեքշաբթի օրը հայտնել է նաև, որ պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մորսին կալանքի տակ է պահվում իր իսկ անվտանգության համար, և որ նրան հարգալից են վերաբերվում:

Այս ընթացքում ԱՄՆ-ի Սպիտակ տունն աշխատում է որոշում կայացնել Եգիպտոսում իշխանության փոփոխության եղանակի սահմանման շուրջ: ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, Եգիպտոսին տրամադրվող՝ մեկ միլիարդ դոլար կազմող օգնությունը կարող է դադարեցվել, եթե որոշում կայացվի այն մասին, որ Եգիպտոսում իշխանության տեղի ունեցած փոփոխությունը ռազմական հեղաշրջում է եղել:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին սակայն ասել է, որ Կահիրեին տրամադրվող օգնության ծավալում անմիջապես փոփոխություններ իրականացնելը չի բխում Միացյալ Նահանգների շահերից:
XS
SM
MD
LG