Մատչելի հղումներ

Եգիպտոսի տապալված նախագահի դատավարությունը կմեկնարկի նոյեմբերին


Եգիպտոսի քրեական դատարանի առջև Մորսիի հետ մեկտեղ կկանգնի «Մահմեդական եղբայրության» 14 այլ անդամ

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի դատավարությունը կմեկնարկի գալիք ամսվա սկզբին՝ վերջինիս դեմ ներկայացված բռնություններ և սպանությունների հրահրման մեղադրանքներով:

Դատավարությունը, ըստ Եգիպտոսի դատարանի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված որոշման, կմեկնարկի նոյեմբերի 4-ին:

Եգիպտոսի քրեական դատարանի առջև Մորսիի հետ մեկտեղ կկանգնի «Մահմեդական եղբայրության» 14 այլ անդամ:

Եգիպտոսի տապալված նախագահի դեմ ներկայացված մեղադրանքների համար հիմք են ընդունվել անցյալ տարվա վերջին Կահիրեում տեղի ունեցած՝ զոհերի պատճառը դարձած բախումները «Մահմեդական եղբայրության» կողմնակիցների և ընդդիմախոսների միջև:

Երկրի զինված ուժերն այս տարվա հուլիսին պաշտոնանկ են արել նախագահ Մորսիին, որից հետո սկսել են «Մահմեդական եղբայրության» և նախագահ Մորսիի կողմնակիցների հետապնդումները, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, հիմնականում՝ իսլամիստներ:

ԱՄՆ-ի պաշտոնյաները նախօրեին հայտնել էին, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հակված է Եգիպտոսին 1,3 միլիարդ դոլար կազմող ռազմական օգնության հիմնական մասի կրճատման մասին որոշում կայացնելուն:

Իրենց անունները բացահայտելուց հրաժարված պաշտոնյաների համաձայն, Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնությունը կրճատելու մասին որոշումն այնուամենայնիվ չի տարածվի Սինայի թերակղզում հակաահաբեկչական և անվտանգության ապահովման միջոցառումներին հատկացվող օգնության վրա:

Պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության ծավալների կրճատումից Եգիպտոսը կարող է խուսափել՝ երկրում իշխանությունը ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարությանը վերադարձնելուց հետո:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենը այնուամենայնիվ հերքել է այս լուրերը՝ նշելով, որ Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնության շուրջ պաշտոնական որոշման մասին կհայտարարվի «գալիք մի քանի օրվա ընթացքում»:
XS
SM
MD
LG