Մատչելի հղումներ

Եգիպտոսում անցկացվել է նոր կառավարության երդմնակալությունը


Նախարարների ժամանակավոր խորհուրդը ներառում է նախկին վարչակազմի օրոք նախարարական պաշտոններ զբաղեցրած մի քանի պաշտոնյայի

Եգիպտոսի զինված ուժերի աջակցությունը վայելող ժամանակավոր ղեկավարությունը երեքշաբթի օրն անցկացրել է երկրի նախարարների նոր խորհրդի երդմնակալության արարողությունը:

Նախարարների ժամանակավոր խորհուրդը ներառում է նախկին վարչակազմի օրոք նախարարական պաշտոններ զբաղեցրած մի քանի պաշտոնյայի, ներառյալ երկրի զինված ուժերի հրամանատար, նախագահ Մոհամեդ Մորսիի պաշտոնանկությունն իրականացրած պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ էլ Սիսիին, որը, բացի պաշտպանության նախարարի, նշանակվել է նաև փոխվարչապետի պաշտոնում:

Երեք կին նշանակվել է առողջապահության, տեղեկատվության և բնապահպանության նախարարների ժամանակավոր պաշտոններում:

Եգիպտոսի քաղաքական ազատական գործիչ, քրիստոնյա Մունիր Ֆախրի Աբդել Նուռը երդում է տվել՝ զբաղեցնելով առևտրի և արդյունաբերության ժամանակավոր նախարարի պաշտոնը:

Եգիպտոսի ժամանակավոր նախագահի խոսնակի համաձայն, իշխանություններն ակնկալում են, որ իսլամիստական շարժումները, ներառյալ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրությունը», կմիանան ազգային վերամիավորման ջանքերին:

«Մահմեդական եղբայրության» ավագ պաշտոնյաներից մեկը սակայն արձագանքել է՝ ասելով, թե շարժումը չի դադարեցնի Մորսիին նախագահի պաշտոնում վերականգնելուն միտված բողոքի ցույցերը:

Եգիպտոսի իշխանություններն Կահիրեի կենտրոնական Ռամզեսի հրապարակում այս գիշեր տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալել են ավելի քան 400 մարդ:
XS
SM
MD
LG