Մատչելի հղումներ

Հարցականի տակ է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ արդյունավետությունը


«Միջազգային հանրությունը պետք է գտնի Հյուսիսային Կորեայի հետ աշխատելու նոր եղանակներ»

«Միջազգային հանրությունը պետք է գտնի Հյուսիսային Կորեայի հետ աշխատելու նոր եղանակներ»:

Նման կարծիք են հայտնել որոշ վերլուծաբաններ այն ընթացքում, երբ աշխարհն ակնկալում է, որ Հյուսիսային Կորեան կիրականացնի միջուկային իր երրորդ փորձարկումը՝ ի պատասխան ՄԱԿ-ի կողմից կոմունիստական այս երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացման:

Այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան իրականացնի իր սպառնալիքը, լուրջ հարցեր կբարձրանան Փխենյանի միջուկային ծրագրի առաջընթացը կանխելու ՄԱԿ-ի կարողության շուրջ:

Ավստրալիայի Լաթրոբ համալսարանի Կորեայի գծով վերլուծաբան Բեն Հաբիբի համաձայն, անցյալում, երբ միջազգային հանրությունը փորձել է «սանձահարել» Հյուսիսային Կորեային, նման միջոցները միայն խթանել են ավելի սադրիչ բնույթի արձագանք:

Հաբիբը սակայն կարծում է, որ պատժամիջոցներից ու պատժամիջոցները խախտող անհատներին պատասխանատվության ենթարկելուց բացի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ի զորու չէ դիմելու այլ գործողությունների:

Ավստրալիայի ազգային համալսարանի Կորեայի գծով հետազոտող Լեոնիդ Պետրովը սակայն կարծում է, թե Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում առաջընթաց գնալու ամենաարդյունավետ եղանակը կարող են լինել բանակցությունները:

«Ըստ երևույթի, բանակցությունները պետք է անցկացվեն Փխենյանի և Վաշինգտոնի, Փխենյանի և Սեուլի, Փխենյանի և Պեկինի, Փխենյանի և Մոկսվայի ու Տոկիոյի միջև ձևաչափով՝ բազմակողմանի բանակցությունների ձևաչափի փոխարեն», - ասում է Պետրովը:

Պետրովը նաև կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները չպետք է դադարեցնեն Հյուսիսային Կորեայից զիջումների դիմաց մարդասիրական օգնության տրամադրման առաջարկները:

Սակայն և՛ բանակցությունների, և՛ պատժամիջոցներ սահմանելու դեպքում, Հյուսիսային Կորեայի միակ հիմնական դաշնակից Չինաստանը, ըստ էության, կարևոր դերակատարություն կունենա՝ Կորեական թերակղզում իրավիճակի լարվածությունը մեղմելու հարցում:

Սիդնեյից իր գործունեությունն իրականացնող Լոուի միջազգային քաղաքականության ինստիտուտի փորձագետ Լինդա Յակոբսենի համաձայն, ոգևորիչ է այն հանգամանքը, որ Պեկինը սատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված վերջին պատժամիջոցները:

«Դա կարող է լինել նշան այն բանի, որ Չինաստանը կսատարի Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված ավելի խիստ միջոցները», - ասել է Յակոբսենը՝ միաժամանակ նշելով, որ հայտնի չէ, թե խստության ինչպիսի աստիճանի միջոցներ է պատրաստ սատարել Չինաստանը:

«Պետք է հիշել, որ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Չինաստանի արդեն երկար ժամանակ կիրառվող քաղաքականությունն է՝ «ոչ՝ պատերազմին, ոչ՝ անկայունությանը, ոչ՝ միջուկային զենքին, և այս քաղաքականությունն իրականացվում է հենց այս հերթականությամբ», - նշել է Լոուի միջազգային քաղաքականության ինստիտուտի փորձագետ Լինդա Յակոբսենը:
XS
SM
MD
LG