Մատչելի հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովում


Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովում
Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով 2000 թվականին ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովում, անդրադարձել է Հայաստանում այդ նպատակների իրականացման ուղղությամբ կատարված և ձեռնարկվելիք քայլերին ու արձանագրված առաջընթացին։ Նախարարն իր ելույթում հատկապես անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը վերաբերող հարցերին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ «տարածաշրջանային համագործակցությունը զարգացման միակ ուղին է, որի համար պետք է ստեղծվեն բաց սահմանների և փոխկապակցված տնտեսական համակարգերի վրա հիմնված արդյունավետ միջոցներ: Սահմանների բացման նշանակությունը վճռորոշ է, բայց մեր որոշ հարևաններ դեռ պետք է ընդունեն այդ գաղափարը»:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ «խաղաղության և անվտանգության, ինչպես նաև տնտեսական և սոցիալական զարգացման համար շարունակում է վտանգ ներկայացնել սպառազինությունների տարածումը, և տարածաշրջանում, ցավոք, կան այդպիսի վտանգներ»։ Հայտարարելով, որ Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը՝ նախարարն ասել է, որ «Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը, նրա ռազմական բյուջեի հետզհետե ավելացումը, պատերազմական հռետորաբանությունը և սադրանքները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավիճակին, նախարարն ասել է, որ «իր տարածքում կյանքի առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ջանում է անել առավելագույնը, ինչը նա անում է առանց միջազգային հանրության աջակցության»։

«Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր։ Հազարամյակի զարգացման նպատակները հնարավոր կլինի համարել իրականացված, իսկ հավասարությունն ու արդարությունը՝ ապահովված միայն այն դեպքում, երբ կվերացվեն անմեղ մարդկանց պատճառած վնասները», – հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

XS
SM
MD
LG