Մատչելի հղումներ

Էկվադորը քաղաքացիական ապաստան է տրամադրել «Վիքիլիքս»-ի հիմնադրին


Էկվադորի արտգործնախարարի համաձայն, Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացվել է՝ ելնելով վերջինիս անվտանգության և իրավունքների խախտման մտավախությունից

Էկվադորի իշխանությունները հինգշաբթի օրը քաղաքացիական ապաստան են տրամադրել «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ խորացնելով Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններում ստեղծված փակուղային վիճակը:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները զգուշացրել են, որ կարող են զրկել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը դիվանագիտական կարգավիճակից՝ «Վիքիլիքս»-ի հիմնադրին Շվեդիային փոխանցելու նպատակով:

«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինոն ասել է, թե Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու որոշումը կայացվել է՝ ելնելով վերջինիս անվտանգության և իրավունքների խախտման մտավախությունից:

«Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին Էկվադորի որոշումը կարող է նոր շունչ հաղորդել միջազգային «հեռուստասերիալին», որը սկսվել է այն ժամանակ, երբ Ասանժն առաջացրել է Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների զայրույթը՝ «Վիքիլիքս» կայքում հրապարակելով ԱՄՆ-ի դիվանագիտական գաղտնի փաստաթղթերը», - գրում է «Ռոյթերս»-ը:

Նախքան Էկվադորի կողմից քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացնելը Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեջ են բերել երկրի օրենսդրության մեջ առկա քիչ հայտնի մի դրույթ, որի համաձայն Ասանժին կալանքի տակ վերցնելու մասին որոշումն ի կատար ածելու նպատակով այդ երկրի դեսպանությունը կարող է զրկվել դիվանագիտական կարգավիճակից:

«Դեռ վաղ է ասել, թե երբ և արդյոք Մեծ Բրիտանիան կզրկի Էկվադորի դեսպանությունը դիվանագիտական կարգավիճակից: Քաղաքացիական ապաստան տրամադրելը հիմնարար փոփոխությունների չի հանգեցնում: Մենք ունենք Ասանժին փոխանցելու օրենքով սահմանված պարտականություն: Գոյություն ունի օրենք, որի համաձայն մենք պետք է փոխանցենք նրան Շվեդիային, և մենք նախատեսում ենք կատարել այս օրենքի պահանջները», - Էկվադորի իշխանությունների կողմից քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին որոշում կայացնելուց առաջ ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության խոսնակը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից արված հայտարարությունն առաջացրել է Էկվադորի կառավարության կտրուկ արձագանքին, որի համաձայն Մեծ Բրիտանիան սպառնալիք է ներկայացրել Էկվադորի դեսպանությանը:

Բացի այդ, բրիտանական կառավարության կողմից Էկվադորի դեսպանության դիվանագիտական կարգավիճակը չեղյալ հայտարարելու մասին որոշումը քննադատության է ենթարկվել նաև օտարերկրյա այլ պետությունների դիվանագետների կողմից, որոնք ասել են, որ այդ քայլը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի դեսպանությունների նկատմամբ համանման միջոցների ընդունման:

«Բի-Բի-Սի» գործակալությանը տված հարցազրույցում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Թոնի Բրենտոնն ասել է, որ «այս դեպքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը մի փոքր անցել է իր սահմանները»:
XS
SM
MD
LG