Մատչելի հղումներ

Պուտինը հերքել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայության մեղադրանքները


Արևմուտքի մեղադրանքները, որոնց համաձայն Ուկրաինայի արևելքում անջատողականների գործողությունների հետևում կանգնած են Ռուսաստանի գործակալները, Պուտինը «անհեթեթություն» է որակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հերքել է Արևմուտքի մեղադրանքները, որոնց համաձայն Ուկրաինայի արևելքում անջատողականների գործողությունների հետևում կանգնած են Ռուսաստանի գործակալները՝ «անհեթեթություն» որակելով նման պնդումները:

«Ուղիղ կապ Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստածրագրի ընթացքում պատասխանելով ռուսաստանցիների հարցերին՝ նախագահ Պուտինն այնուամենայնիվ հստակ նշել է, որ Ուկրաինայում հակակառավարական ցույցերի մասնակիցները «ոչ մի տեղ չեն հեռանալու»՝ չնայած վերջիններիս դեմ Կիևի իշխանությունների կողմից մեկնարկած ռազմական գործողությունների:

«Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի հատուկ որևէ ծառայություններ չկան, այս ամենն անհեթեթություն է», - ասել է Պուտինը: - «Դրանք հասարակ քաղաքացիներ են, այս մարդիկ իրենց հողի տերն են, այնտեղից նրանք ոչ մի տեղ չեն հեռանալու»:

Ռուսաստանի նախագահն այս մեկնաբանություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մարիուպոլ քաղաքում ներքին զորքերի ռազմակայանի ծառայողները կրակ են բացել զորամասի ուղղությամբ ռուսաստանամետ ամբոխի իրականացրած հարձակման ընթացքում, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ:

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ «Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչների ուղղությամբ հրասայլերի և օդուժի կիրառումն այս երկրի ներկայիս իշխանությունների հերթական հանցագործություններից է»: Պուտինը, բացի այդ, հույս է հայտնել, որ Ռուսաստանը ստիպված չի լինելու օգտագործել Ուկրաինա զորքեր ուղարկելու՝ Ռուսաստանի Դաշնությունների խորհրդի կողմից տրված իրավունքը:

«Ռուսաստանի Դաշնությունների խորհուրդը նախագահին իրավունք է տվել կիրառելու զինված ուժերն Ուկրաինայում: Մեծ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի օգտվել այս իրավունքից, և Ուկրաինայում այժմյա սուր, ինչու ոչ՝ չափազանց սուր խնդիրները հնարավոր կլինի լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի համաձայն, Ուկրաինայում կարգուկանոնի հաստատումը հնարավոր կդառնա միայն երկխոսության և դիվանագիտական ընթացակարգերի միջոցով:

«Մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է լինի ոչ թե իշխանությունների ներկայացուցիչների ցուցադրական երկխոսությունն իրենց կողմից նշանակված ներկայացուցիչների հետ, այլ երկխոսությունը ժողովրդի հետ», - ասել է Պուտինը «Ուղիղ կապ Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստածրագրի ընթացքում՝ հավելելով, որ Ուկրաինայի ներկայիս կառավարությունը որևէ պատկերացում չունի երկրի արևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Կիևի այժմյան ղեկավարները ժամանում են երկրի արևելյան շրջաններ, սակայն այնտեղ հանդիպում են ունենում իրենց կողմից նշանակված անձանց հետ: Պետք է խոսել ժողովրդի հետ և ժողովրդի վստահությունը վայելող իրական ներկայացուցիչների հետ», - ասել է Պուտինը:

Նախագահ Պուտինը, բացի այդ, հորդորել է Ուկրաինայի քաղաքացիներին հարգանքով վերաբերվել Ղրիմում և երկրի այլ շրջաններում ապրող մարդկանց կողմից կատարված ընտրությանը:

«Եթե մենք հարգալից ենք վերաբերվում միմյանց նկատմամբ, ապա պետք է ընդունենք սեփական ընտրություն կատարելու միմյանց իրավունքը», - ասել է Ռուսաստանի նախագահը:
XS
SM
MD
LG