Մատչելի հղումներ

Հայաստան է այցելել ԱՄՆ-ի սենատոր Դիք Դուրբինը


Հայաստան հունիսի 1-ին այցելել է, Իլինոյս նահանգից ընտրված ԱՄՆ-ի սենատոր, դեմոկրատ Դիք Դուրբինը:

Այցելության ընթացքում սենատորը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների և կին քաղաքական առաջնորդների հետ:

Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է ԱՄՆ-ի Սենատում Հայաստանի բարեկամների գործունեությունը և ընդգծել, որ այդ սենատորների աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, նպաստել տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության, նախագահ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական զգալի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին, ինչի համար Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ժողովրդին, կառավարությանն ու օրենսդիրներին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել նաև անձամբ սենատոր Դուրբինին, ով եղել է 2007 թվականի մարտին Սենատում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակը՝ Սենատում հայ ժողովրդի հետ կապված խնդիրների հանդեպ մշտական ուշադրության համար:

Հայաստանի նախագահն ու սենատոր Դուրբինը հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային արդի խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Նույն օրը սենատոր Դուրբինը հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը բարձր է գնահատել վերջին տարիներին համատեղ ջանքերով նոր լիցք ստացած հայ-ամերիկյան բազմաբովանդակ համագործակցությունը և ընդգծել, որ բարձրաստիճան այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Սենատոր Դուրբինն իր հերթին շեշտել է, որ երկար տարիներ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանին առնչվող խնդիրները և ուրախ է Երևան այցելելու ու երկրի ղեկավարներից տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին ծանոթանալու համար:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը ամերիկյան սենատորին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց զրուցակցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հետևողական ջանքերի համար:

Զրուցակիցները հանգամանալից խոսեցին Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Միացյալ Նահանգների Սենատում մեծամասնական խմբակցության թիվ երկու ղեկավար դեմքը լինելուց բացի, սենատոր Դուրբինն անդամակցում է ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ինչպես նաև Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովին, որի իրավասության դաշտում են գտնվում Եվրոպական մայրցամաքի, այդ թվում Կովկասի հետ կապված հարցերը: Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովը զբաղվում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության, Եվրոպական Միության և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առնչվող հարցերով:

XS
SM
MD
LG