Մատչելի հղումներ

«Ուորլիքի ուղերձը նախատեսված է՝ վերահաստատելու համար մեր դիրքորոշումը». ԱՄՆ-ի արտգործնախարարություն


ԱՄՆ-ի արտգործնախարարությունում մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնում ձևավորվում է մտահոգություն, որ տարածաշրջանում կարող է առաջանալ զինված ևս մեկ առճակատում, և արդյոք Լեռնային Ղարաբաղի շուրջ ակտիվացումը կանխարգելիչ նպատակներ է հետապնդում

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին համոզվածություն է արտահայտել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի կողմից մայիսի 7-ին «Քարնեգի» հիմնադրամում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշման ներկայացնելը նպատակ չէր հետապնդում հայտարարելու որևէ նորություն: Նա համոզվածություն է հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի ուղերձը պարզապես նախատեսված է եղել վերահաստատելու արդեն երկար ժամանակ ձևավորված ԱՄՆ-ի դիրքորոշումն այս խնդրի շուրջ:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող բանաձևի ընդունման, ինչպես նաև այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնում ձևավորվում է մտահոգություն, որ տարածաշրջանում կարող է առաջանալ զինված ևս մեկ առճակատում, և արդյոք Լեռնային Ղարաբաղի շուրջ ակտիվացումը կանխարգելիչ նպատակներ է հետապնդում:

Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիին ուղղված հարցերի նախաբանում լրագրողներից մեկը, անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից «Քարնեգի» հիմնադրամում ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայացված ԱՄՆ-ի քաղաքականությանը նվիրված ելույթին, նշել է, որ այն հիմնականում վերահաստատել է հակամարտության շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումը:

«Ինչու՞ է հենց հիմա հրապարակվել այս հայտարարությունը, արդյո՞ք կա որևէ նոր բան» - հարցրել է լրագրողը՝ հավելելով. «Արդյո՞ք ԱՄՆ-ը ուժեղացում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Կարո՞ղ ենք արդյոք որևէ նոր քայլեր ակնկալել Միացյալ Նահանգների կողմից տեսանելի ապագայում»:

Պատասխանելով լրագրողի հարցերին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը նշել է, թե, ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները հաճախակի հրապարակում է տեղեկություններ այն իրադարձությունների կամ հայտարարությունների մասին, որոնցով հանդես են գալիս դեսպանները կամ բարձրաստիճան պաշտոնյաները, և «սա հենց այս դեպքն է»:

«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները համանախագահում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին: Դեսպան Ուորլիքը, ինչպես նշեցիք, հայտարարությամբ է հանդես եկել «Քարնեգի» հիմնադրամում: Իր խոսքում նա ուրվագծել է ԱՄՆ-ի քաղաքականությունը, ինչպես նաև բոլորի կողմից ընդունված սկզբունքները, որոնք խաղաղ կարգավորման հիմք են ծառայելու: Չեմ կարծում, որ այն նպատակ էր հետապնդում հայտարարելու որևէ նորություն, այլ պարզապես նախատեսված էր՝ վերահաստատելու արդեն երկար ժամանակ ձևավորված մեր դիրքորոշումը և այս գործընթացին մեր նվիրվածությունը», - իր պատասխանի մեջ նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված հարցազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հիշատակվել է նաև Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի կողմից «հայկական շահերը պաշտպանող խմբերի ճնշման տակ ընդունված բանաձևը, որտեղ ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անօրինական վարչակարգը»:

«Նրանք ուղարկել են բանաձևը Խորհրդարանի քննարկման, որը կանցկացվի մայիսի 8-ին: Որքանով հասկանում եմ, դա նահանգային օրենսդրական մարմին է, սակայն ունի՞ արդյոք արտգործնախարարությունը որևէ դիրքորոշում այս հարցի շուրջ: Եթե այո, արդյո՞ք նախատեսվում է կապ հաստատել Խորհրդարանի առաջնորդների հետ», - ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակին ուղղված հարցում ասել է լրագրողը:

Արտգործնախարարության խոսնակ Փսակին, պատասխանելով այս հարցին, ասել է, որ տեղյակ չէ նահանգային այս ընթացակարգից և օրինագծից:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված ասուլիսի ընթացքում արտգործնախարարության խոսնակին ուղղվել է մի հարց, որի հեղինակը հետաքրքրվել է, թե արդյոք առկա է որևէ կապ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղում խաղաղության բանակցությունների գործընթացի նոր ակտիվացման միջև:

Լրագրողը հարցրել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակին, թե արդյոք Վաշինգտոնում մտահոգություն է ձևավորվում այն մասին, որ տարածաշրջանում կարող է առաջանալ զինված ևս մեկ առճակատում, և արդյոք ակտիվացումը հետապնդում է կանխարգելիչ նպատակներ:

Արձագանքելով այս հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը նշել է, թե չունի տեղեկություններ նման որևէ կապի մասին:

«Մենք հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին և մնում ենք համանախագահ: Դուք ծանոթ եք Ուկրաինայում մեր կողմից գործադրվող ջանքերին: Ես տեղյակ չեմ այն մասին, թե արդյոք այս երկուսի միջև որևէ կապ կա», - Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին:
XS
SM
MD
LG