Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում 346 միլիոն մարդ տառապում է շաքարախտով, և նրանց մեծ մասը բնակվում է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում: Կազմակերպությունը կանխատեսում է, որ ընթացիկ միտումների պահպանման դեպքում հիվանդության պատճառով մահացողների թիվը մինչև 2030 թվականը կկրկնապատկվի, իսկ առողջապահության մասնագետները զգուշացնում են, որ այն կարող է դառնալ առողջապահության և տնտեսության համար զգալի հետևանքներ ունեցող համաշխարհային համաճարակ:
Շաքարախտի ամերիկյան ընկերակցության հետ համագործակցող բժիշկ Սյու Քըրքմենի համաձայն, միլիոնավոր մարդիկ ապրում են չախտորոշված երկրորդ տեսակի շաքարախտով: Նրա վկայությամբ, Միացյալ Նահանգների բնակիչների չորսից առնվազն մեկն ունի չախտորոշված երկրորդ տեսակի շաքարախտ:
«Մենք տեղյակ չենք, թե ինչպիսին է այս ցուցանիշն աշխարհում, բայց ենթադրաբար, որոշ երկրներում այն ավելի բարձր է», - ասել է Քըրքմենը:
Երկրորդ տեսակի շաքարախտի պատճառով օրգանիզմը չի կարողանում օգտագործել արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող հորմոն ինսուլինը:
Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, շաքարախտը Միացյալ Նահանգներում տարեկան առաջացնում է գրեթե 174 միլիարդ դոլար ծախս, որի հիմնական մասը կազմում է բարդությունների և անկարողությունների բուժումը:
ԱՄՆ-ի Հիվհանդությունների ԻՍԿ Կենտրոնի Շաքարախտի բաժանմունքի ղեկավար՝ բժիշկ Էն Օլբրայթի խոսքերով՝
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար, բժիշկ Էնն Օլբրայթի խոսքերով, Միացյալ Նահանգներում տասը մարդկանցից մեկն ունի շաքարախտ, իսկ մինչև 2050 թվականը կանխատեսումների համաձայն, շաքարախտ կունենա ԱՄՆ-ի յուրաքանչյուր երրորդ բնակիչը»:
Հնդկաստանում 50 միլիոնից ավելի, Չինաստանում՝ 40 միլիոն, և գրեթե 26 միլիոն մարդ Միացյալ Նահանգներում տառապում է շաքարախտից: Նրանցից գրեթե 90 տոկոսը տառապում է շաքարախտի երկրորդ տեսակից, որն անմիջական կապ ունի գիրության, ծերացման և ռասայական և էթնիկ գործոնների հետ:
«Կարևոր է նշել, որ ասիական ծագում ունեցողների մոտ, հատկապես՝ ծագումով Հարավարևելյան Ասիայից մարդկանց մոտ, շաքարախտը զարգանում է նույնիսկ ցածր քաշ ունենալու դեպքում», - ասել է բժիշկ Օլբրայթը:
Ըստ գիտնականների, գիրությունը և ֆիզիկական ակտիվության բացակայությունը նպաստում են շաքարախտով հիվանդների թվի աճին։ Այդ թիվը աճում է նաև վաղ ախտորոշման և երկարակեցության հետևանքով։
Առողջապահության ազգային ինստիտուտի Շաքարախտի հետազոտության բաժանմունքի ավագ խորհրդատու, բժիշկ Միրլին Սթեյթենի խոսքերով, այսօր մտահոգություն է առաջացնում այն, որ երեսուն տարի առաջ երկրորդ տեսակի շաքարախտը երեխաների մոտ կամ չէր հանդիպում, կամ շատ հազվադեպ էր, սակայն Միացյալ Նահանգներում երեխաների գիրացմանը զուգահեռ այժմ շաքարախտի երկրորդ տեսակով սկսում են տառապել նաև երեխաները, հատկապես՝ փոքրամասնությունների, մեծ մասամբ՝ ծագումով աֆրիկացի ամերիկացիների և լատինամերիկացիների ընտանիքներում:
Շաքարխտի բուժման եղանակ դեռևս հայտնի չէ, սակայն բժիշկներն ասում են, որ կենսակերպի փոփոխությունը, որոնցից հիմնականը ճիշտ սնվելու և մարզվելու միջոցով առողջ քաշի պահպանումն է, լավագույն միջոցն է՝ շաքարախտը կանխարգելելու համար: