Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի համբերությունը Պակիստանի նկատմամբ հատնում է». Պանետա


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան հորդորել է Պակիստանին գործողություններ ձեռնարկել Աֆղանստանում տեղակայված և ԱՄՆ-ի ուժերի ուղղությամբ հարձակումներ իրականացնող զինյալների դեմ՝ ասելով, որ Միացյալ Նահանգները «հասնում է համբերության սահմանին»:

Աֆղանստանի իր գործընկեր Աբդուլ Ռահիմ Վարդակի հետ Քաբուլում հինգշաբթի օրն ունեցած հանդիպումից հետո Պանետան նշել է, որ Պակիստանի տարածքում ահաբեկիչների «ապահով ապաստանները» գնալով ավելի մեծ անհանգստություն են առաջացնում:

«Հույժ կարևոր է, որպեսզի Պակիստանը գործողություններ ձեռնարկի նման «ապահով ապաստանների» ձևավորումը կանխելու ուղղությամբ, ինչպես նաև իր տարածքում խաթարի ահաբեկիչների կենսագործունեության համակարգը, որը վերջիններս օգտագործում են՝ մեր ուժերի ուղղությամբ հարձակում իրականացնելու նպատակով», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Պանետան:

Հիշեցնենք, որ Հնդկաստան կատարված պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, խոսելով անօդաչու օդանավերի կիրառմամբ իրականացվող հարձակումների մասին, նշել էր, որ Միացյալ Նահանգները չունի Պակիստանի տարածքում անօդաչու ինքնաթիռների միջոցով հարձակումները դադարեցնելու ծրագրեր, իսկ հարձակումները «կազմում են ԱՄՆ-ի ինքնիշխանության մասերից մեկը»:

Պանետայի համաձայն, Վաշինգտոնը միշտ հստակ նշել է, որ ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկի, իսկ անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարձակումներն օգուտ են բերում նաև Պակիստանի ժողովրդին, որը հաճախակի է դառնում զինյալների հարձակման թիրախը:

Լեոն Պանետայի այս հայտարարությունից առաջ ԱՄՆ-ի Սպիտակ տունը հաստատել էր լուրերն այն մասին, որ Պակիստանի ցեղախմբերի կողմից վերահսկվող տարածքներում գործող «ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան երկրորդ հրամանատար Աբու Յահիա ալ-Լիբին ոչնչացվել է անօդաչու օդանավի միջոցով իրականացված հարձակման արդյունքում:

Միացյալ Նահանգներն ալ-Լիբիին ոչնչացումը գնահատել է որպես «ալ-Քաիդա»-ին հասցված ծանր հարված:

XS
SM
MD
LG