Մատչելի հղումներ

Նոր արյունահեղություն Աֆղանստանում


Ահաբեկչական երեք հարձակման պատճառով զոհվել է 18 մարդ

Աֆղանստանում իրականացված ահաբեկչական երեք հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ:

Այսպես, Հելմանդ նահանգում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունը դարձել է հարսանյաց հանդեսին մասնակցելու ուղևորվող մարդկանց խմբի թվում տասը զոհի պատճառը:

Երկրի Լաղման արևելյան նահանգում, ըստ կառավարության խոսնակի, ականի պայթյունի հետևանքով զոհվել է Աֆղանստանի զինված ուժերի հինգ ծառայող:

Ղանդահար քաղաքում ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է երեք ոստիկան:

Այս հարձակումների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել, սակայն անցյալում նման հարձակումների իրականացման համար իրենց պատասխանատվության մասին էին հայտնում թալիբ զինյալները:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի պետական աուդիտորական կազմակերպությունը զգուշացրել է, որ Աֆղանստանի կառավարությունը չի կարողանալու ապահովել երկրի անվտանգությունը 2014 թվականին միջազգային ուժերի դուրսբերումից հետո՝ մասնագիտական ունակության բացակայության պատճառով:

Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցը պարունակում է Աֆղանստանի վերականգնման գծով գլխավոր հատուկ տեսուչի վերջին մի շարք նախազգուշացումներ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կողմից 2014 թվականին Աֆղանստանից հեռանալուց հետո երկրի կառավարության կողմից գործունեությունն իրականացնելու կարողության վերաբերյալ:

Զեկույցում շեշտը հիմնականում դրվում է Աֆղանստանի կառավարության բնականոն գործունեության ապահովման և պահպանման ունակությունների վրա, որոնց թվում են պետական բյուջե կազմելը, պետական գնումները կազմակերպելն ու լոգիստիկային վերաբերող աշխատանքներն իրականացնելը, որոնք, ըստ վերահսկող կազմակերպության զեկույցի, թերի են զարգացած:

Աուդիտի իրականացման հիմնական թիրախը կառավարության վարչարարական համակարգն էր, սակայն անվտանգության ոլորտի վերլուծաբանների կարծիքով, նման թերությունները մեծ վտանգ են ներկայացնում 2014 թվականից հետո երկրում խաղաղության պահպանման համար:

Գլխավոր տեսուչի համաձայն, հիմնական խնդիրներից է անգրագետ բազմաթիվ զինծառայողների և կապալառուների առկայությունը, որոնք ունակ չեն կարդալու էլեկտրակայանները և կեղտաջրերի մշակման կայաններն աշխատացնելու համար անհրաժեշտ գծագրերն ու ուղեցույցները:

Զեկույցում քննադատության են ենթարկվել նաև այն կապալառուները, որոնց գումարներ են տրամադրվել՝ մինչև 2014 թվականը վարչական խնդիրների համար պատասխանատվություն ստանձնելու նպատակով Աֆղանստանի բնակիչներին վերապատրաստություն ապահովելու համար: Ըստ զեկույցի, ընկերություններից մեկին տրամադրված գումարները սպառվել են զորքերի դուրսբերման վերջնաժամկետից 16 ամիս առաջ, սակայն կատարվել է ծրագրով նախատեսված աշխատանքների միայն կեսը:

ՆԱՏՕ-ն ֆինանսական անցյալ տարվա ընթացքում ծախսել է 800 միլիոն դոլար՝ բնականոն գործունեության ապահովման և պահպանման աշխատանքների իրականացման նպատակով, որոնց թվում ներառված էին Աֆղանստանի կառավարության պաշտոնյաներին վերապատրաստելու աշխատանքները:
XS
SM
MD
LG