Մատչելի հղումներ

Թոմ դը Վաալ. «Փոթորկոտ եղանակ Կովկասում»


«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբանի համաձայն, Հայատանում, ինչպես և Ադրբեջանում, ճգնաժամի ծավալման դեպքում դժվար է կանխատեսել իրավիճակի զարգացումը

«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալն անդրադարձել է Եվրասիայում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ տարածաշրջանում ամենամեծ մտահոգությունն առաջացնում են ոչ թե այն պետությունները, որտեղ տիրում է քաղաքական «վատ եղանակ», այլ ըստ էության «հանգիստ» պետությունները, որտեղ «փոթորկի վտանգ» կա:

«Ռուսաստանը հնարավոր է դասակարգել որպես այդպիսի պետություն, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը անկասկած մտնում են այս կարգի մեջ», - գրում է դը Վաալը՝ «Փոթորկոտ եղանակ Կովկասում» խորագրով իր հոդվածում անդրադառնալով Հարավային Կովկասի այս պետություններում ստեղծվող ներքաղաքական իրավիճակին:

«Ադրբեջանում դեռևս սպասում են հարաբերությունների հետընտրական ջերմացմանը՝ այժմ, երբ նախագահ Իլհամ Ալիևը կրկին վերընտրվել է, իսկ Թուրքիայի հետ կնքվել «TANAP» գազամուղի շուրջ գործարքը: Մինչ այժմ միտումը սակայն զարգանում է այլ ուղղությամբ», - ասում է դը Վաալը՝ հիշեցնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտության կենտրոնի» ղեկավար Անալ Մամադլին, ինչը, ըստ դը Վաալի, «չարագուշակ նշան է»:

«Հայաստանն ընտրական ժողովրդավարություն է, սակայն երկրի քաղաքացիներին հետզհետե ավելացող մասն իրեն իրավազուրկ է զգում: Վերջերս հնչեցված մեկնաբանությունների համաձայն, Վլադիմիր Պուտինի կողմից ստեղծված «Մաքսային միությանը» միանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համար շարժառիթ էր դարձել վերջինիս կողմից իշխանությունը 2018 թվականին ավարտող երկրորդ ժամկետից հետո պահպանելու ցանկությամբ: Երկրի գազամատակարարման նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ Ռուսաստանին փոխանցելու մասին անցյալ տարվա դեկտեմբերին կայացված որոշումը բողոքի փոքրածավալ ցույցեր էր հրահրել»,- նշում է դը Վաալը՝ հավելելով. «Այստեղ, ինչպես և Ադրբեջանում, ճգնաժամի ծավալման դեպքում դժվար է կանխատեսել իրավիճակի զարգացումը, քանի որ զայրացած ընդդիմությունը դեմ առ դեմ կանգնած է իշխանությունը ձեռքից բաց չթողնելու վճռականությամբ լի կառավարությանը»:
XS
SM
MD
LG