Մատչելի հղումներ

Թոմաս դը Վաալ. «Ռուսաստանը թունավորում է խորքային պետությունը»


Թոմաս դը Վաալ. «Ռուսաստանը թունավորում է խորքային պետությունը»
Թոմաս դը Վաալ. «Ռուսաստանը թունավորում է խորքային պետությունը»

Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը «National Interest» հանդեսում հրապարակել է Ռուսաստանի «խորքային պետությանը»՝ ուժային կառույցների ներսում տեղի ունեցող գործընթացների և երկրի կառավարության կողմից դրանց տրվող արձագանքին վերաբերյալ մի հոդված:

Հոդվածում հեղինակը զուգահեռ է անցկացնում Ռուսաստանում նախկին ՊԱԿ-ի և Խորհրդային Միության ուժային այլ կառույցների հիման վրա ստեղծված ուժային կառույցների ներսում ստեղծված իրավիճակի և Թուրքիայի իշխանությունների և ուժային կառույցների միջև ստեղծված հարաբերությունների միջև:

Խոսելով Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին, դը Վաալը նշում է, որ «ժամանակակից Թուրքիայում նույնպես առկա է ռազմական և անվտանգության կառույցների ներկայացուցիչներից բաղկացած` ստվերում գործող «խորքային պետություն»:

«Դրանք մի խումբ ծայրահեղական մոլեռանդ են, որոնք նվիրված են պահպանելու քեմալական պետության գրեթե «սրբություն» համարվող գաղափարները և պատրաստ են այդ նպատակով ազատվելու ազատականներից, մարքսիստներից կամ իսլամիստներից, որոնք կարող են վտանգել դրա գոյությունը: «Խորքային պետությունը» կապեր ունի բանակի և հետախուզական ծառայությունների հետ, սակայն չափազանց գաղտնապահ և ծայրահեղական է, որպեսզի հնարավոր լինի հստակ տեսնել նման կապերը»:

Դը Վաալի համաձայն, «խորքային պետությունը» ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում, որոնցից մեկը Ստամբուլում 2007 թվականին իրականացված Հրանտ Դինքի սպանությունն է, որից հետո լրատվամիջոցները հայտնել են Դինքի դեռահաս սպանողին ոստիկանության կողմից պաշտպանության և ապացույցների քողարկման մասին:

Հեղինակը նշում է, որ նման մթնոլորտ տիրում է նաև Ռուսաստանում, և այս երկրի «խորքային պետությունը» նույնպես իրականացրել է ազատական քաղաքական գործիչների և Ռուսաստանի ազդեցիկ շրջանակների դեմ հրապարակայնորեն արտահայտվող քաղաքական գործիչների և անհատների վերացման գործողություններ, որոնք, ըստ դը Վաալի, «վերագրվում են անվտանգության ուժերի կազմում աշխատող «ստվերային» անհատներին: Այս անհատները, դը Վաալի համաձայն, գործել են անկախ, սակայն կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրենց ընկերների կողմից չբարձրաձայնվող հավանությամբ:

«Նման գործերի ընդհանուր բնութագիրն այն է, որ չնայած որոշ դեպքերում սպանություններն անմիջականորեն իրագործած անձինք դատապարտվել են, սակայն դրանք եղել են միայն կատարողները, այլ ոչ թե սպանությունների պատվիրատուները», - նշում է դը Վաալը:

Հոդվածում նշվում է նաև, որ «խորքային պետության» կողմից իրականացված որոշ գործողություններ եղել են չափազանց անարդյունավետ, սակայն մեծ վնաս են հասցրել Ռուսաստանի և Վաշինգտոնի միջև հարաբերություններին:

Դը Վաալը, եզրափակելով իր հոդվածը, գրում է, որ խնդիրը, որի ձևավորմանը նպաստել է ՊԱԿ-ի վետերան Վլադիմիր Պուտինը, և դրա արդյունքում ստեղծված մթնոլորտը, որի պայմաններում անպատժելի են մնում իրավախախտումներն ու հնարավոր է դառնում սպանությունների իրականացումը, չափազանց «թունավոր» է ռուսական պետության համար:

XS
SM
MD
LG