Մատչելի հղումներ

Դը Վաալ. «Կիևի և Երևանի համար ապագայի դուռը դեռևս կիսաբաց է»


Վերլուծաբանի համոզմամբ, Հայաստանը Մաքսային միության մեջ ներառելու գործարքն ակնհայտորեն նախ վերաբերվում է անվտանգությանն ու քաղաքականությունը, ապա նոր՝ առևտրին

«Որտե՞ղ են ղազախները: Այս հարցը կարող է մի փոքր անտեղին հնչել Ուկրաինայում շարունակվող և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մոլեգին իրադարձություններից հետո: Պետք չէ սակայն զարմանալ, որ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասելու որևէ բան չուներ այս կապակցությամբ»:

«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալն այսպես է սկսում հիմնադրամի կայքում հրապարակված «Ոչ՝ Եվրոպայի, բայց նաև՝ Մաքսային միությա՞նը» խորագրով իր հոդվածը, որտեղ շեշտում է, որ քանի որ այս շաբաթվա ընթացքում բոլորը կենտրոնացած են Ռուսաստանի և Պուտինի կողմից իր երկրի «հարևանությունը» վերաձևավորման վրա, ապա Ղազախստանի և Բելառուսի լռությունն անհարմար եղանակով հիշեցում է այն մասին, որ Եվրասիական միությունը նախատեսվում էր որպես համատեղ ծրագիր, և որ որքան ավելի շատ Պուտինը տեղ է զբաղեցնում լուրերի վերնագրերում, այնքան հասկանալի է դառնում, որ դա այդպես չէ:

«Ռուսաստանը հասել է իր առաջին նպատակին: Այն էր՝ կանխարգելել Ուկրաինայի և Հայաստանի կողմից Վիլնյուսում Արևելյան գործընկերության կայացած գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը», - գրում է դը Վաալը՝ հիշեցնելով, որ, ըստ էության, Մոլդովան Ռուսատանի համար շատ ավելի բարդ խնդիր է ներկայացրել, և Մոկսվան « ձեռքը քիչ թե շատ քաշել է» Վրաստանից:

Վերլուծաբանի համոզմամբ, նույնիսկ այժմ Կիևի և Երևանի համար ապագայի դուռը դեռևս կիսաբաց է, քանի որ «մայրաքաղաքներից յուրաքանչյուրում այդ ուղղությամբ երեք տարի աշխատանքներ են տարվել, և գործընթացը հնարավոր է բավականին արագ վերսկսել»:

Պուտինի ծրագրի երկրորդ մասը, այն է՝ Ուկրաինան ու Հայաստանը Մաքսային միության մեջ ներառելը, դը Վաալի կարծիքով շատ ավելի դժվար է իրականացնել:

«Ուկրաինայի դեպքում նախագահ Վիկտոր Յանուկովիչը հստակ ցանկանում է հնարավորինս երկար հետաձգել այդ մասին ցանկացած որոշում, և այս շաբաթվա իրադարձությունները միայն կխորացնեն «ոչ այս, ոչ էլ՝ այն կողմ» ուղին բռնելու իր վճռականությունը: Ռուսաստանը, բացի այդ, ըստ էության պատրաստ չէ 45 միլիոն բնակչություն ունեցող երկիրն իր տնտեսության մեջ տնտեսական վերաինտեգրման հսկա մարտահրավերի», - գրում է «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբանը:

«Հայաստանի դեպքում միության այլ անդամների հետ համատեղ սահման չունեցող երկիրը մաքսային միության մեջ ներառելու տնտեսական հիմնավորումն այնքան էլ հստակ չէ: Գործարքն ակնհայտորեն նախ վերաբերվում է անվտանգությանն ու քաղաքականությունը, ապա նոր՝ առևտրին: Երկու կառավարությունները ստեղծել են աշխատանքային խմբեր՝ Հայաստանը նոր միության մեջ ներառելու գործընթացն արագացված կարգով իրականացնելու համար, սակայն մինչ այժմ կատարված ամբողջ աշխատանքն իրականացվել է հայ-ռուսական երկկողմանի հիմքերով», - ասված է դը Վաալի հոդվածում:

Փորձագետը հիշեցնում է, որ դեռևս հոկտեմբեր ամսին նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն շատ ավելի քիչ պատրաստակամ էին սատարելու Մաքսային միություն Հայաստանն ընդունելը, քան Ռուսատանի նախագահ Պուտինը:

«Լուկաշենկոն հրապարակայնորեն կասկածում էր, որ Հայաստանը կարող է գալիք տարվա ընթացքում միանալ [Մաքսային միությանը]: Մեկ ամիս անց նա այցելել էր Բաքու և Ադրբեջանում ընդունող կողմին հայտնել, թե շատ ավելի մոտ հարաբերություններ ունի նրանց, այլ ոչ թե Հայաստանի հետ՝ նշելով, որ «մենք ունենք աշխարհակարգի շուրտ միևնույն պատկերացումը»: Նազարբաևն իր հերթին ասել էր, թե «մենք զգուշությամբ ենք վերաբերվում նոր անդամներ ընդունելուն», - գրում է հեղինակը:

«Այժմ Ղազախստանի խորամանկ նախագահը պետք է նայի Կիևի Մայդանում տիրող իրավիճակին և հարց տա ինքն իրեն այն մասին, թե որ ուղին է ինքը սատարում», - եզրափակում է իր հոդվածը «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը:
XS
SM
MD
LG