Մատչելի հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը ժամանեց Վաշինգտոն


Թուրքիայի արտգործնախարարը ժամանեց Վաշինգտոն

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ժամանել է Վաշինգտոն` «Ֆորին փոլիսի» ամսագրի մրցանակը ստանալու համար: Ամսագիրը Դավութօղլուի թեկնածությունն է ներկայացրել «Աշխարհի 100 մտածողների» մրցանակաբաշխությանը:

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի տարբեր ներկայացուցիչների և լրագրողների հետ:

Սպասվում է, որ Դավութօղլուն ելույթ կունենա արտաքին քաղաքականության հետազոտական-վերլուծական կենտրոններում և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ուսանողների առջև:

Այցի ընթացքում Դավութօղլուն նախատեսում է քննարկել հրատապ երկու խնդիր` Իրանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թուրքիայի «դեմ» քվեարկությունը և Իսրայելի հետ Թուրքիայի լարված հարաբերությունները:

Վաշինգտոն մեկնելուց առաջ «Հուրիեթ» օրաթերթին տված հարցազրույցում Դավութօղլուն քննադատության է արժանացրել Թուրքիայի այն լրատվամիջոցները, որոնք նշել են, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի զայրույթը կարող է ստիպել, որ Թուրքիան «փախհատուցի» իր կողմից վարվող քաղաքականության գինը: Նա ասել է, որ Թուրքիան պետք է կարողանա հաղթահարել «անլիարժեքության բարդույթը» և սկսել ավելի անկախ մտածել` ավելացնելով, որ «Ամերիկան մեզանից ուժեղ է, սակայն մեր վերադասը չէ»:

Անդրադառնալով հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությանը և Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին` Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե Երևանի հետ Անկարայի ստորագրած արձանագրությունները «ուժի մեջ են» և հույս է հայտնել, որ արձանագրությունները կիրականացվեն:

XS
SM
MD
LG