Մատչելի հղումներ

Դամասկոսը խնդրել է ՄԱԿ-ին կանխել «ցանկացած տեսակի ագրեսիա»


ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարի (արխիվային լուսանկար)
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարի (արխիվային լուսանկար)

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանի համաձայն, ԱՄՆ-ը չպետք է ուժ կիրառի «նրա քաղաքականության դեմ հանդես եկողների նկատմամբ»

Սիրիան դիմել է ՄԱԿ-ին իր դեմ ուղղված «ցանկացած տեսակի ագրեսիա» կանխելու խնդրանքով այն բանից հետ, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ շաբաթվա վերջ կոչ էր արել ռազմական գործողություն իրականացնել այս երկրի դեմ՝ պատժելու համար կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման համար:

Վաշինգտոնի համաձայն, քիմիական զենքի կիրառմամբ Սիրիայում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ:

Ռազմական գործողություններ իրականացնելու մասին որոշումը քվեարկության կդրվի ԱՄՆ-ի Կոնգրեսում, որն իր աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 9-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Մարիա Քրիստինա Պերսևալին ուղղված նամակում ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին հորդորել է գլխավոր քարտուղարին «պատասխանատվություն ստանձնել Սիրիայի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կանխելու և Սիրիայում չդադարող ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված աշխատանքի համար»:

Ջաաֆարիի հայտարարության համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «պետք է շարունակի իր դերը որպես կանխարգելիչ փական, որը խոչընդոտում է միջազգային լեգիտիմությունից դուրս ուժի աբսուրդ կիրառումը»:

Ջաաֆարին նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է իրականացնի «խաղաղության հովանավոր և Սիրիայի շուրջ միջազգային համաժողովի նախապատրաստման գործում Ռուսաստանի գործընկերոջ դերը, այլ ոչ թե ուժ գործադրի նրա քաղաքականության դեմ հանդես եկողների նկատմամբ»:
XS
SM
MD
LG