Մատչելի հղումներ

Իսպանիայի և Կիպրոսի բանկերին անհրաժեշտ է ֆինանսական օգնություն արտերկրից


Եվրոյի գոտու խոշորագույն տնտեսություններից մեկը՝ Իսպանիան, երկուշաբթի օրը պաշտոնապես ներկայացրել է մեծ դժվարությունների առջև կանգնած իր բանկային համակարգի համար անհրաժեշտ ֆինանսական օգնություն տրամադրելու մասին դիմում: Ֆինանսական օգնություն է անհրաժեշտ նաև նման դժվարություններ ունեցող Կիպրոսի բանկերին, սակայն ի տարբերություն Իսպանիայի, Կիպրոսը եվրոյի գոտում ընդգրկված ամենափոքր տնտեսությունն ունեցող երկրներից է:

Մադրիդի և Նիկոսիայի կողմից բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին դիմումներն է՛լ ավելի են խորացրել անորոշությունը, որը հինգշաբթի և ուրբաթ օրերին քննարկվելու է Եվրոպական Միության առաջնորդների կայանալիք գագաթաժողովի ընթացքում:

Իսպանիան ներկայացրել է հիպոտեկային անհուսալի վարկեր ունեցող բանկերը փրկելու համար անհրաժեշտ 125 միլիարդ դոլար չափով գումար ստանալու համար դիմում: Երկրի արտգործնախարար Ժոզե Մանուել Մարգալոյի համաձայն, ֆինանսական օգնության մանրամասները, ներառյալ այն, թե արդյոք վարկերի դիմաց վճարումները պետք է կատարվեն Իսպանիայի կառավարության մասնակցությամբ, թե միայն բանկերի կողմից, կորոշվեն ավելի ուշ:

Այս ընթացքում վարկային «Fitch» գործակալությունը դարձել է վարկային արդեն երրորդ գործակալությունը, որը «աղբայինի» է հասցրել Կիպրոսի վարկային վարկանիշը: Եվրամիության դիվանագետներից մեկի համաձայն, բանկերին օգնություն տրամադրելու նպատակով Կիպրոսը նախ կդիմի Ռուսաստանին՝ 6 միլիարդ դոլար վարկ ստանալու համար, ապա լրացուցիչ օգնության կդիմի եվրոյի գոտու պետություններին:

Կիպրոսի բանկերի խնդիրների հիմքում ընկած է ֆինանսական ծանր վիճակում գտնվող հարևան Հունաստանի կառավարական պարտատոմսերի նախկինում կատարված գնումները:
XS
SM
MD
LG