Կիպրոսի իշխանությունները մի նավ են բռնագրավել, որտեղ հայտնաբերված զենքը ենթադրաբար տեղափոխվում էր Սուդանի Դարֆուր նահանգը` խախտելով ՄԱԿ-ի կողմից սահմանված արգելքը:
Կիպրոսի իշխանությունների հայտարարության համաձայն, նավում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր: Այժմ իշխանությունները հետաքննում են, թե արդյոք ուղեբեռը խախտում է ՄԱԿ-ի արգելքը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն, զենքի տեղափոխումը Դարֆուրի նահանգն արգելվել է դեռևս 2004-ից:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Սուդանի այս հատվածում սկիզբ առած պատերազմի արդյունքում ավելի քան 300.000 մարդ է զոհվել: Միջազգային քրեական դատարանն այս կապակցությամբ վճիռ է կայացրել, ըստ որի Սուդանի ներկայիս նախագահ Օմար ալ Բաշիրը համարվում է պատերազմական հանցագործ:
Սուդանը հրաժարվում է ընդունել դատարանի վճիռը` պնդելով, թե Դարֆուրում զոհվածների թիվը չի գերազանցում 10.000-ը: